Կորյունի և Հերացու փողոցների խաչմերուկում ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարտի 27-ին, ժամը 22:28-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Հերացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Հերացու փողոցի թիվ 2ա շենքի մոտակայքում բախվել են «Nissan» և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1961 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ուղևոր Օ.Է.-ն (ծնված 2003 թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, սակայն ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: