«Հայկական հարսանիք». Հարսանեկան ծեսեր, ավանդույթներ ու հիվանդ սովորույթների վերաիմաստավորում
Բուկինիստ գրախանութ-սրճարանում այսօր տեղի ունեցավ Հովսեփ Պողոսյանի «Հայկական հարսանիքը» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված է հայկական ավանդական հարսանիքը, դրա խորհրդանիշերի և հմայիլների բացատրությունները, ինչպես նաև ժամանակակից հարսանիքներում հիվանդ սովորույթների վերաիմաստավորման և ճիշտ կիրառման հուշումները:
Ազգագրագետները, պատմաբանները համոզված են, որ այն հնարավորություն կտա հատկապես նոր սերնդին ուսումնասիրելու, համեմատելու, նաև զարգացնելու հայ ժողովրդի ամենագեղեցիկ ավանդույթներից մեկը՝ հարսանեկան ծեսերը և սովորույթները:
Հեղինակ Հովսեփ Պողոսյանը նշեց, որ գրքի վրա աշխատելիս ուսումնասիրել են ազգագրական գրքերում նկարագրված Նոր-Ջուղայի, Գողթանի, Համշենի, Մուշի, Ջավախքի, Սասուն, Վանի, Զանգեզուրի, Գանձակի, Սիսիանի, Նախիջևանի հարսանիքները: Ըստ նրա՝ հայկական հարսանիքը՝ խոսք ուզել, նշանդրեք, հարսնահանեք, եկեղեցի գնալ և այլն, վերոնշյալ բոլոր շրջաններում գրեթե նույն ծիսակարգերով են անցկացվել:
Հովսեփ Պողոսյանն ասաց՝ անգնահատելի է այն, ինչն արել են ազգագրագետ, հնագետ Երվանդ Լալայանի գլխավորությամբ 19-րդ դարի վերջի 20-րդ դարասկզբի հայ ազգագրագետները, որոնք ջանք ու եռանդ չխնայելով մանրամասն հավաքել և նկարագրել են հայկական բոլոր շրջանների կենցաղն ու հավատալիքները: Նրանց գործը հատկապես կարևորվում է նրանով, որ աշխատել են պատմական Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում՝ շփվելով իրենց բնօրրանում ապրողների հետ:
«Նրանց թողած այդ գանձարանի շնորհիվ էլ ստեղծվել է «Հայկական հարսանիքը» գիրքը»,- ասաց գրքի հեղինակը:
Պատմաբան, բարերար Գագիկ Աղաջանյանը, որն աջակցել է նաև գրքի հրատարակմանը, նշեց, որ ժամանակակից աշխարհում հայ ժողովուրդը կարողացել է պահպանել նախնիներից հասած ավանդույթները, ավելին, փորձում է նաև այդ սովորություններն ու ծեսերը կիրառել հարսանիքների ժամանակ:
«Իսկապես հարստություն է 3 մլն-անոց երկրում ունենալ բազմաթիվ ծեսեր և ծիսական արարողություններ: Բնական է, որ գլոբալիզացիայի դարում աստիճանաբար այդ ծեսերը կորելու են, բայց այս աշխատությունը ոչ միայն ազգագրագետներին ու պատմաբաններին, այլև ապագա սերունդներին հնարավորություն կտա ուսումնասիրել հայ ժողովրդի ամենագեղեցիկ ավանդույթներից մեկը՝ հարսանեկան ծեսերը և սովորույթները: Սա մի աշխատություն է, որին կանդրադառնան նաև 100, 200 տարի հետո»,- ասաց Գագիկ Աղաջանյանը: