Կներեք, բայց նույնիսկ հարսանիքի պլանավորման համար տասն ամիսը երբեմն քիչ է լինում. Փաշինյան
Խորհրդարանում շարունակվում է ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասաց, որ զեկույցում որևէ անդրադարձ չկա գյուղատնտեսությունը զարգացնող տեխնոլոգիաների կիրառման մասին:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Տեղի է ունեցել հեղափոխություն, որից հետո ի հեճուկս շատ շատերի, կառավարությանը հաջողվել է ոչ միայն պահել կայունությունը, այլ ապահովել տնտեսական աճ, երրորդ հանրապետության պատմության ամենաազատ ընտրությունները: Այո´, այս ընթացքում եղել է գյուղատնտեսության ոլորտում անկում, որը կապված է եղել վնասատուների, սխալ պլանավորման, ստվերային այգիների գոյության և բացահայտման հետ: Կներեք, բայց նույնիսկ հարսանիքի պլանավորման համար տասն ամիսը երբեմն քիչ է լինում։ Սա գիտեմ նրանից, որ հիմա հրավիրատոմսեր եմ ստանում հարսանիքի մասնակցելու, որոնք նախատեսված են տարվա վերջում, մյուս տարվա սկզբին։ Գյուղատնտեսության հետ կապված մեր ներկայացրած գործողությունների շրջանակը չէի ասի, որ համապարփակ է, բայց տրամաբանություն ունի այդպիսին դառնալու»։
Բարձր տեխնոլոգիաների հետ կապված Փաշինյանն ասաց, որ իրենք կառավարության կառուցվածքում փոփոխություն են անում:
«2019 թվականի հոկտեմբերին տեղի է ունենալու միջազգային տեղեկատվական կոնգրեսը, մենք 1 մլրդ դրամ բյուջեից հատկացում ենք արել, որ այդ միջոցառումը ֆինանսավորենք: Ինժեներական քաղաքի կառուցումը կարևոր առաջնահերթություն է, որը պետք է ընթանա, ռազմարդյունաբերական ոլորտի մասին խոսեցի, իսկ եկամտահարկի համահարթեցումը առաջին հերթին ուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, և մենք մտադիր ենք այդ ոլորտը խրախուսել»,- նշեց նա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանն էլ հետաքրքրվեց, թե այս պահին Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված ինչպիսի՞ իրավիճակ է։
«Մեր հանրության մեջ կամ գուցե մամուլում այդպիսի ընկալում կա՝ «վայ Լիդիանը դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի», դիմում է, թող դիմի։ Վախենալու բան եթե կա, իրենք պետք է մեզնից վախենան և ոչ թե մենք իրենցից։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք բյուջեից 300 հազար դոլար ենք հատկացրել, որպեսզի միջազգային բարձր հեղինակություն ընկերություն ներգրավվենք, որպեսզի տեղում փորձաքննություն իրականացնի՝ տալու մի հարցի պատասխան, արդյոք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավարելի՞ են, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, եթե եզրակացությունը կլինի բացասական և կան բնապահպանական ռիսկեր, ուրեմն այդ ծրագիրն ընդհանրապես կփակվի։ Իսկ եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն՝ ծրագիրը կաշխատի։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք գների աճ՝ հատկապես ռեսուրսների գծով. Վարազդատ Կարապետյան
- Փաշինյանը ցանկանում էր փոխել Ուրիխանյանի թախծոտ տրամադրությունը
- Շաքարավազի շուկայում 78 տոկոսը բացարձակ մենաշնորհ է. Բագրատյանը՝ վարչապետին
- Մտադրված ենք հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել զինծառայողների աշխատավարձը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան