Եվրոպան վերացական կոնցեպցիա չէ, այլ մեր բոլորի իրավունքներն է․ ԵԽԽՎ նախագահը՝ Եվրոպայի հրապարակի բացմանը
Այսօր Հյուսիսային պողոտայի կենտրոնական հատվածում բացվեց Եվրոպայի հրապարակը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեի մասնակցությամբ։
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն իր ողջույնի խոսքում ասաց, որ մեծ պատիվ է ներկա լինել Եվրոպայի հրապարակի բացմանը։ Շատ խորհրդանշական է, որ այս հրապարակի անվանակոչումը համընկնում է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի միջոցառումներին, որը եվրոպական կառույցներից ամենահինն է, ամենաընդարձակն է ու ներառում է ողջ Եվրոպական մայրցամաքը։
«Որպես ԵԽԽՎ նախագահ կարող եմ ասել, որ Եվրոպան միայն աշխարհագրական կոնցեպտ չէ, այլ ավելի խորը երևույթ է։ Ինձ համար առաջին հերթին Եվրոպան միլիոնավոր մարդկանց բնակավայրն է, որտեղ մարդիկ խոսում են տարբեր լեզուներով, սակայն նրանց միավորում է նույնական արժեքները, նրանք առաջնորդվում են առաջին հերթին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Երբեմն մենք թերագնահատում ենք այն, ինչ մեզ ներկայացնում է Եվրոպան, սակայն երբ մտածում ենք մարդու հիմնարար իրավունքների մասին՝ բնակարանի, աշխատանքի, սոցիալական իրավունքների մասին, դրանք ամրագրված են Սոցիալական իրավունքների մասին խարտիայում։ Երբ մենք փնտրում ենք տեղեկատվություն, արտահայտում ենք կարծիքներ, մենք պաշտպանված ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Այն, որ կրթական աստիճանները փոխադարձաբար ընդունելի են տարբեր երկրներում, դա շնորհիվ Բոլոնիայի գործընթացի է, որում մեծ դերակատարում է ունեցել եվրոպայի խորհուրդը»,-ասաց Պասկիեն՝ հավելելով, որ միշտ պետք է հիշել և այս ձեռքբերումները չպետք է ընդունել որպես «շնորհված», դա մեր պարտականությունն է՝ որպես Եվրոպայի քաղաքացիներ՝ աշխատել միասին, որպեսզի դրանք լինեն շարունակական։
Պասկիեի խոսքերով, Եվրոպայի հրապարակը Երևանում հիշեցումն է, որ Եվրոպան ոչ միայն գաղափար է կամ աբստրակտ աշխարհագրական կոնցեպցիա է, այլ այն հստակ ներառում է մեր բոլորի իրավունքներն ու ազատությունները և մենք բոլորս պետք է կանգնած լինենք ու պաշտպանենք մեր իրավունքները։
«Կեցցե՛ ԵՄ-ն, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Եվրոպայի հրապարակը»,-ասաց Լիլիան Մորի Պասկիեն։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո խաղաղ ապագայի համար ստեղծված այս կառույցը Եվրոպային տվեց 3 հիմնասյուների վրա կառուցված արժեհամակարգ՝ մարդու իրավունքներ, օրենքի գերկայություն, ժողովրդավարություն։
«Համաեվրոպական արժեքների կենտրոնում մարդն է՝ նրա հիմնարար ազատություններով, արժանավայել ապրելու նրա իրավունքով, իսկ ժողովրդավարությունը մարդակենտրոն կառավարման արտացոլումն է։ Հենց այս արժեքների հանդեպ նվիրվածության գաղափարով է Հայաստանն անկախությունից ի վեր կառուցել Եվրոպայի հետ իր համագործակցությունն ու հարաբերությունները։ Մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում մեծ դեր ունի Եվրոպայի խորհուրդը, որը, կարող ենք ասել, որ մենք հաջողել ենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանը հպարտ է, որ մասնակից է ԵԽ-ի 70-ամյակի նշման միջոցառումներին ու այս հրապարակն այսուհետ կկրի Եվրոպայի հրապարակ անվանումը, որը կխորհրդանշի եվրոպական արժեքները, որին Հայաստանն աջակցում է ու այն կդառնա սիրելի վայր։
Հրապարակի բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԵԽ-ում ՀՀ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, ԱԳ փոխնախարար Ավետ Ադնոցը, ԱԺ պատգամավորներ, դեսպաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան