Այդ ո՞ւր առանց սկզբունք
Ավստրայի մայրաքաղաքը ուրբաթ կդառնա Փաշինյան-Ալիև հերթական` չորրորդ հանդիպման վայրը։ Նախորդ 3 հանդիպումները «պատահական» էին ու զրույցի կարգավիճակ ունեին` ներառյալ վերելակային խիստ «տպավորիչ» ու սերտ շփումը։ Վիեննայի հադիպումը, սակայն, պաշտոնական է, և այն կազմակերպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Սպասումներն այս հանդիպումից գրեթե զրոյական են, քանի որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը վերջին 11 ամիսներին միայն կարողացել են խառնել ու էլ ավելի բարդացնել իրավիճակը։
Գուցե նաև սա է պատճառը, որ տեղի ունենալիքը և՛ հակամարտող կողմերը, և՛ միջազգային միջնորդները խուսափում են բանակցություններ համարել։ Իրազեկ կանխատեսումների համար նախ պետք է արձանագրել, թե Փաշինյանն ու Ալիևը ինչ «պաշարով» են գնում հանդիպման։ Եղած սկզբունքները, կարծես, մերժվել են, իսկ նորերը չկան կամ հայտնի չեն։ Արցախի հիմնախնդրի բանակցային կարգավորման պատմության ֆոնին ցցուն երևում է, որ «երբ հանդիպենք` զրուցենք» ֆորմատով շփումներից հետո Ալիևը դադարել է կատարել իր նախորդ գործառույթներից մի քանիսը, բայց դրանք հիմա կատարում է Փաշինյանը։
Ֆունկցիաների ինչ-որ աննախադեպ փոխանակում է տեղի ունեցել։ Նախկինում բանակցությունները խնդրահարույց էր դարձնում ադրբեջանական կողմը` անկապ պայմաններ առաջադրելու միջոցով, հայկական կողմն էլ նման դեպքերում բանակցելն անիմաստ էր դիտարկում` շեշտելով բանակցելու պատրաստականությունը։
Հիմա Ալիևը ձգտում է օր առաջ բանակցել` սպառնալով պատերազմական այլընտրանքով, իսկ Փաշինյանը հետաձգում է բանակցային փուլը` հավանաբար, դերի մեջ մտնելուն պատշաճորեն պատրաստվելու հույսով։ Եթե նախկինում մեր հակառակորդն էր բանակցային ձևաչափը փոխելու փորձեր ձեռնարկում` Մինսկի խմբում Թուրքիային ներգրավելու անհնարինությունից դրդված, ապա հիմա հայկական կողմն է բանակցային ֆորմատի փոփոխությունը առաջնային դարձնում` երբ անքննելի ու անվիճարկելի իրողություն է, որ Արցախի ներգրավումը բանակցային ձևաչափ որոշակի փուլում պարզապես անխուսափելի է։ Ալիևը հանդիպման է գնում Հայաստանի հետ սահմանային ողջ գոտում` Տաուշից մինչև Սյունիք ու Նախիջևան զորքերի հզոր տեղաշարժ կատարած ու նոր ամրություններ պատրաստած։ Թեև. և՛ զինվորների, և՛ զինտեխնիկայի ֆունկցիոնալ պատարաստականության առումով հոգեբանական, մոտիվացիոն, տեխնիկական ու հազար այլ անհաղթահարելի խնդիրները քողակելու հնարավորություն մեր ոխերիմ հարևանը նույնիսկ չունի։
Փոխարենը, Ալիևը «խավիարային» կամ «նավթային» և այլ կարգի բուռն բանակցություններ է ունեցել ազդեցիկ բոլոր «միջնորդների» հետ։ Իսկ Փաշինյանը Վիեննա մեկնելուց առաջ թեև բուռն միջազգային հանդիպումների տպավորություն առաջացրեց, սակայն դրանք երրորդական մակարդակում էին ու միանգամայն անպտուղ։
Հինգշաբթի ԱԺ-ում հնչեցրած դժգոհությունն էլ ԱՄՆ-ի վերաբերմունքից` հաստատեց, որ այդպես էլ չի ստացել Թրամփի վարաչկազմի ուշադրությունը։ Բացահայտ է նաև, որ գործող թավշյա ռեժիմը դուրս է մնացել նաև Ֆրանսիայի, ինչպես նաև ողջ եվրոպական դիվանագիտության ու իսթեբլիշմենթի տեսադաշտից։ Ուստի, հանդիպման գնալուց առաջ ԱԺ-ում պատեհությամբ բարձրացրած «աղմուկը» միայն Կրեմլում լսելի դառնալու նպատակն ուներ։ Իսկ որ իրեն լքած դեսպանի պատվերով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում առաջացրած քաոսը հիմնավոր է սասանել Փաշինյանի նկատմամբ Կրեմլի վստահությունը, անկասկած է։ Իհարկե, Կրեմլում Փաշինյանին չվստահելու պատճառներն ու հիմքերը շատ ավելի խորն են։
Ցավն այն է, որ այդ ամենը գիտի նաև Ալիևը, ինչպես նաև` շահագրգիռներ բոլորը։ Եվ միայն թավշյա վարչապետն է, որ նեղվում է, երբ չեն գնահատում իր քպական մասշտաբի «համաշխարհային բացառիկությունը»։
Միակ դրականն այն է, որ նա գիտակցում է` բանակցության պատրաստ չլինելը և ընդամենը հանդիպման է մեկնում։ Ինչն էլ հնարավորություն է տալիս` պարզ նշել, որ նա սովորական, շարքային կամակատար է, ով քաղաքական հաշվեհարդար է սանձազերծել Արցախի հերոսի նկատմամբ, քրեական գործեր է հնարել երեք գներալ-գնդապետների ու իր բոլոր քաղաքական հակառակորդների դեմ, հրահանգել է պաշտոնանկ անել Հայաստանի ու Արցախի բանակներում ծառայող բոլոր մարտական գեներալներին ու հրամանատարներին։
Ընդհանրապես յուրաքանչյուր երկրի ղեկավար կամ դիվանագետ արտաքին բոլոր հարաբերություններում պետք է ներկայացնի ու սպասարկի ի՛ր երկրի շահերը, և հիմնվի նախևառաջ ի՛ր բանակի, ապա նաև` ի՛ր տնտեսության հզորության վրա։
Մինչդեռ Փաշինյանը անօրակարգ հանդիպման է գնում առանց որևէ սկզբունքի` բանակցությունների ընդամենը սկզբունքներն ու տարրերը պարզելու։ Այսինքն. ուզում է ամեն ինչ սկսել նոր էջից, թե` ուղղակի ժամանակ ձգել։ Եթե նա ժամանակի վրա է խաղում` մինչև իշխանության էստաֆետը բնականորեն հանձնի առավել իրազեկ ու կարող, Արցախի ու Հայաստանի կյանքում անուրանալի վաստակ ունեցող անհատի, ապա բանակցություններից գիտակցված խուսափելը ողջախոհ քայլ է։
Մինչդեռ, եթե Փաշինյանն ուզում է Արցախի հիմնախնդի կարգավորման ճակատագիրը պայմանավորել իր անձով, ապա պետք է հիշի իր անիրազեկության ու անցած գրեթե մեկ տարվա ընթացքում բանակցային այբուբենը յուրացնելու անկարողության, զենքին ու բանակին խորթ լինելու մասին։ Նաև նա պետք է գիտակցի. միայն մենք չէ, որ գիտենք իր իշխանավարման ընթացքում ռազմավարական հետազոտությունների կենտրոնը և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարսական համալիրը փակելու, ռազմական թիկունք չունեցող երկրի սահմանային Մեղրիի գնդում զինվորների դասալքության, սպայակազմի հրամաներին թավշյա հեղափոխականությամբ չենթարկված զինվորներին հովանավորելու, դասալիք սպաներին ու գեներալներին պատժելու փոխարեն բարձր պաշտոններ շնորհելու և նրանց խորհուրդներով առաջնորդվելու, ժողովրդին սպիտակների ու սևերի, յուրայինների ու անպիտանների բաժանելու և էլի շատ այլ բաների մասին։
Սիմոն Գյուրջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու