Այրվածքներ ստացած երեխայի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր
Օրեր առաջ Մասիս քաղաքից այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկա վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։
«Երեխան միացված է արհեստական շնչառության ապարատին։ Ամեն ինչ արվում է նրա կյանքը փրկելու համար»,- նշեց նա՝ հավելելով, որ երեք օր հետո միայն կարող են ասել, թե ինչպես կլինի երեխայի վիճակը:
Կարինե Բաբայանն ասաց, որ այրվել էր 12-ամյա երեխայի մաշկի 31 տոկոսը և շնչուղիների 20 տոկոսը:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին, ժամը 22:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: