Դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակը մտահոգիչ է. ՄԻՊ
Դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակը մտահոգիչ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով դպրոցների և մանկապարտեզների սանհանգույցների և ջրամատակարարման վիճակի մոնիթորինգի արդյունքները։
2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություններում՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ:
Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակվել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված:
Արման Թաթոյանն ասաց, որ մինչ զեկույցի հրապարակումը հարցադրումներ են ուղարկել ՀՀ տարածքային կառավարման, կրթության և գիտության նախարարներին, Երևանի քաղաքապետին, բացի այդ քննարկում են ունեցել ԿԳ նախարարի հետ և պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Կառավարությունն այս զեկույցում տեղ գտած խնդիրները պարտադիր հիմք է ընդունելու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու:
Այսպիսով, ըստ նրա, մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ հաստատությունների ներսում չկան սանհանգույցներ, դրանք տեղակայված են բակերում: Եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում, բացի այդ, չի եղել միջնորմ, այսինքն՝ աղջիկների ու տղաների համար առանձնացված չեն եղել։
Նշվեց նաև, որ 121 դպրոցներից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզներից միայն 2-ի զուգարաններն են հարմարեցված եղել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Որոշ դպրոցներում էլ առանձնացված չի եղել անձնակազմի համար նախատեսված սանհագույցը, դպրոցների ճնշող մեծամասնությունն էլ ապահովված չի եղել օճառով, 76 տոկոսում չի եղել զուգարանի թուղթ և սրբիչներ։ Բացի այդ, մի շարք դպրոցներում ջուր առհասարակ չի եղել։
Արման Թաթոյանը նշեց, որ դպրոցների 86 տոկոսում տաք ջուր չկա, իսկ մանկապարտեզների միայն 44 տոկոսի սանհանգույցներն են ապահովված տաք ջրով: Ինչ վերաբերում է սանիտարահիգիենիկ պայմաններին, ապա, ըստ Արման Թաթոյանի, այստեղ ևս լուրջ խնդիր կան, շատ ռիսկային է վիճակը երեխաներին վարակիչ հիվանդություններով վարակելու տեսանկյունից:
«Դպրոցներում աշակերտները ջուրը հիմնականում խմում են ծորակներից, ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակի տարածման մեծ ռիսկ է առաջացնում»,- ասաց նա:
Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրել են դեպքեր, երբ դպրոցներում առկա է եղել ընդամենը մեկ ջրի ծորակ, իսկ մանկապարտեզներում համատարած երևույթ է այն, որ թեև դրանք ապահովված են զուգարանակոնքով, բայց չեն պահպանվում հիգիենիկ կանոնները:
«Անձնակազմը հիմնականում իրազեկված չէ այն կանոններից, որոնք անհրաժեշտ են սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակ ապահովելու համար»,- ասաց Արման Թաթոյանը: