Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն Օպերային թատրոնում հանդիպեց թատրոնի կոլեկտիվի հետ, ովքեր բողոքում են թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու դեմ։
«Մեր կարծիքը ձեզ համար ոչի՞նչ»,- հարցադրում են անում արտիստները։ Նրանք նշում են, որ Օրբելյանն աշխարհի մեծություն է, նրան հարգում են ողջ աշխարհում, լսում են նրա անունն ու խոնարհվում։
«Իսկ Հայաստանում տիկին Ղարիբյանը հրաման է ստորագրել, սյուրպրիզ է անում օպերային թատրոնին, դա անելու բա՞ն է»,- նշեցին արտիստները։
Ն. Ղարիբյանն ասաց, որ ՊՈԱԿ-ի օրենքն ընդհանրապես կապ չունի թատրոնի հետ, այժմ աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի փոխեն։ Նա նշեց, որ Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքով մի մարդ չի կարող լինել և տնօրեն, և գեղարվեստական ղեկավար։
«Գեղարվեստական ղեկավարը սովետից մնացած անկապ պաշտոն է։ Պետք է լինի գեղարվեստական տնօրեն»,- ընդգծեց նա։
Մշակույթի նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այդ կառուցվածքի, նոր օրենքի ընդունումը կարող է որոշ ժամանակ տևել։
«Այսքան զրուցեցինք, իրար չհասկացանք։ Խոսք եք տվել, որ երկուշաբթի օրը գալու եք ողջ կոլեկտիվի հետ հանդիպման։ Սա պաշտոնական մեր հանդիպումը չէր»,- ասացին թատրոնի դերասանները։ Սակայն այդպես էլ չկարողացան Ն. Ղարիբյանից հստակ ժամ իմանալ, թե երբ են հանդիպելու։
Լրագրողների հետ զրույցում Ն. Ղարիբյանն ընդգծեց, որ Կ. Օրբելյանին ազատելն օրենքի պահանջ է, նա նշանակվել է տնօրենի պաշտոնում խախտումներով։
«Փորձել ենք ես, նաև տիկին Մակունցը, ինչպես կարող ենք լուծել այս խնդիրը։ Մի կողմից կար ճնշում, մյուս կողմից օրենքի պահանջ։ Պարզել ենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող այլ աշխատանք զբաղեցնել, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։
Միաժամանակ պարզել ենք նաև, որ գեղարվեստական ղեկավարը ղեկավար պաշտոն է, ոչ թե ստեղծագործական։ Թյուրիմացաբար մինչև հիմա ընկալվել է այնպես, որ ստեղծագործական է, բայց օրենքում գրված է, որ ղեկավար պաշտոն է»,- ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատարը։
Նա նշեց, որ հանդիպել է Կ. Օրբելյանի հետ, ասել, որ ինքը որոշի, սակայն հետո պատասխան է եկել, որ չեն պատրաստվում իրենց հանձրարարականը կատարել, անօրինական պահանջ է։
«Ես կատարել եմ իմ գործառույթը, արել եմ այն, ինչ պարտավոր եմ անել։ Թող կառավարությունը որոշի, օրենքը փոխի, պարոն Օրբելյանին ասի՝ չէ, եկեք աշխատեք։
Ես արդեն նշանակել եմ նոր տնօրենին, երկուշաբթի կիմանաք»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Մշակույթի նախարարությունից Panorama.am-ին ներկայացնելով Կ. Օրբեկյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հիմքը՝ մեջբերել էին Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
- Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
- Ես ասել եմ՝ թողեք աշխատեմ. Կոնստանտին Օրբելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին