Պետությունը կաջակցի խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնմանը
Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը: Դրա նպատակն է խթանել ինտենսիվ այգեգործության զարգացումը, մասնավորապես՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի կամ ներդրված կապիտալի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողներին ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար պետական աջակցություն տրամադրելու միջոցով:
Ծրագրով նախատեսված է 2019-2023 թթ. տարեկան շուրջ 100 հեկտար այգիների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և այգեհիմնման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում։
Տնտեսավարողներին վարկերը տրամադրվելու են 8 տարով, տարեկան 2 տոկոսով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0 տոկոս տոկոսադրույքով, կամ շահառուին կտրամադրվի ծախսերի մասնակի փոխհատուցում այգու հիմնման փաստացի կատարված ծախսերի 40 տոկոսի չափով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և կոոպերատիվներին՝ 50 տոկոսի չափով:
Այգիների տարածքների շուրջ 100 հեկտարով ավելացման արդյունքում ակնկալվում է այդ այգիների բերքատվության աճ՝ ներկայիս ավանդական այգիների համեմատությամբ առնվազն երկու անգամ։
Նոր հիմնված 100 հեկտար այգիներում կաթիլային ոռոգման համակարգի օգտագործման շնորհիվ ջրի խնայողությունը կկազմի շուրջ 50 տոկոս: Ոռոգման համակարգով բույսերի սնուցման շնորհիվ կնվազի այգիներում մոլախոտերի դեմ պայքարի անհրաժեշտությունը: Ներկայացվող ծրագրով նախատեսվում է բացի ինտենսիվ այգու հիմնման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումից, տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում: