Տավարաբուծության զարգացման ծրագրով գյուղացիներին 2 տոկոսով վարկ կտրամադրվի
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում տավարաբուծության զարգացումն ապահովելու նպատակով 2019-2024 թվականներին հանրապետությունում առկա նախիրների որակական բարեփոխման, դրանցում տոհմային և արտադրատնտեսական բարձր արժեք ունեցող կենդանիների գլխաքանակի և կենդանական ծագման արտադրանքի ծավալների ավելացման անհրաժեշտությամբ։
Այդ նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից հատկացնել 3.102 208 մլրդ դրամի չափով հատկացում՝ ծրագրով նախատեսված խոշոր եղջերավոր տոհմաին կենդանիների ձեռք բերման նպատակով սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկեր տրամադրելու համար։
Գյուղատնտեսության փոխնախարար Գեղամ Գևորգյանը նշեց, որ ծրագրի շրջանակում տոհմային եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցություն կտրամադրվի վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով:
Վարկերը տրամադրվելու են 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոսով, որից սուբսիդավորվելու է 10 տոկոսը։ Դա նշանակում է, որ շահառուին կտրամադրվի 2 տոկոսով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին կամ գյուղոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ զրո տոկոսով:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ձեռք բերվող մեկ գլուխ տոհմային կենդանու հաշվարկային արժեքը 1 մլն դրամ է։ Յուրաքանչյուր շահառու տարեկան կարող է ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի, իսկ ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 300 մլն դրամը։
Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ ծրագրով նախատեսվում է՝ 2019-2024 թվականներին Հայաստանի տնտեսվարողների կողմից ձեռք կբերվի 10 հազար գլուխ խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ: Նա նաև նշեց, որ 2013-2018 թթ-ին Հայաստան է ներմուծվել ընդամենը 2195 խոշոր եղջերավոր կենդանի։
Փոխանախարարը նաև ասաց, որ 2019-2028 թթ-ին հանրապետությունում կարտադրվի ընդհանուր առմամբ շուրջ 25 մլրդ դրամ արժեքով կաթ և միս։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում