Փաստաբան. Դատավորն ասում է՝ ծանուցագիր ուղարկելու համար ծրարները վերջացել են
«Դատավորների պատճառով Հայաստանում իրավունքի դատական պաշտպանությունը դարձել է ակնհայտ անարդյունավետ։ Դատավորները հրաժարվոմ են արդարադատություն իրականացելուց, իրենց պարտականությունները կատարելուց»,-Panorama.am-ի հետ զրույցում խնդրի մասին բարձրաձայնեց փաստաբան Տիգրան Սարգսյանը։
Նա նկատել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո հատկապես դատավորները ներքին պայմանավորվածություն ունեն, կարծում է՝ չեն ուզում ծանրաբեռնված աշխատել։
«Ամեն հնարավորություն օգտագործում են, որ հայցադիմումները վերադարձնեն։ Տեսեք, եթե դատարանը որոշում է կայացնում, գրում է ընդհանուր իրավասության դատարան։ Եթե մենք որոշման մեջ գրում ենք ընդհանուր իրավասության դատարան, ասում են՝ թերի է, գրեք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Կամ մեկ այլ օրինակ։ Ես փաստաթղթերին կցում եմ ծրար։ Ու եթե հանկարծ փաստաթղթերի ցանկում ծրարի մասին չնշեմ, դատարանը վերադարձնում է հայցը»,-մանրամասնում է փաստաբանը։
Նա դժգոհում է, հայցադիմումն էլ վերադարաձնում են 2-3 ամիս իրենց մոտ պահելուց հետո, բայց գործեր կան, որոնց դեպքում հայցի ապահովման միջոց են ընտրելու։
«Օրինակ, եթե այս պահին տվյալ գույքի վրա արգելանք չդրվի, ապա հետագայում դատական ակտը հնարավոր չի լինի կատարել։ Դուք պատկերացրեք, բնակարանային վեճ է, պարտք ու պահանջ կա, և պետք է, որ պատասխանողի գույքի վրա շտապ արգելանք դրվի։ Վարույթ չի հարուցվում, այդ ընթացքում գույքը վաճառում են, հարցն էլ փակվում է»,-նշում է նա։
Տիգրան Սարգսյանն ասում է, այս տարվա ընթացքում իրենց ներկայացրած հայցադիմումների ընդամենը տասը տոկոսն են վարույթ ընդունել։ Պատմում է, մարզերից մեկում երկու անգամ հայցը վերադարձրել են, վստահորդն էլ համարել է, որ դատավորն իր դեմ վատ է տրամադրված ու հետագայում հրաժարվել է հարցը դատական ճանապարհով լուծելու տարբերակից։
«Երբ մարդկանց իրավագիտակցությունը ցածր է, նրանց թվում է, դա անձնավորված բնույթ ունի։ Վստահորդս էլ համարեց՝ ավելի լավ, որ մերժել է, եթե քններ, չէր բավարարի»,-իրավիճակը ներկայացնում է պաշտպանը։
Հայցերը վարույթ ընդունելուց հետո էլ խնդիրը չի վերանում։ Այս անգամ էլ նիստի նշանակումն է մի քանի ամիս ձգվում։
«6-7 ամիս անցնում է, նիստի մասին ծանուցագիր չկա։ Եղել է դեպք, դեկտեմբերին ծանուցագիր ենք ստացել, որ նոյեմբերին նիստ է նշանակված։ Նիստը լինում-վերջանում է, նոր մենք ծանուցագիր ենք ստանում, որ նիստ է եղել։ Ի դեպ, Դատալեքսով էլ նայեցի, որ նիստը հետաձգվել է ոչ թե հայցվորի չներկայանալու, այլ դատավորի վատառողջ լինելու պատճառով։
Մեկ այլ ուշագրավ դեպք։ Այս տարի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստվայրի մի դատավորի հետ խոսում եմ, ասում է, մեր ծրարները վերջացել են։ Գործերը տալիս ենք գրասենյակ, ծրար չկա, սպասում են, մինչև ծրար են ստանում, նոր ծանուցագիրն ուղարկում են»,-մեկ այլ օրինակ է նշում փաստաբանը։
Իրավիճակն ավելի է բարդանում ամուսնալուծության հայցերի դեպքում, երբ ծնողներից մեկի մոտ գտնվող երեխաներն ամիսներ շարունակ մյուս ծնողի հետ տեսակցություն չեն ունենում, քանի որ դատարանի որոշում չկա։
Տիգրան Սարգսյանը խոսել է իր գործընկեր փաստաբանների հետ։ Նրանցից շատերն ունեն նույն դժգոհություններն ու մտահոգությունները։ Նա համարում է, որ խնդրին պետք է օրենսդրական լուծում տրվի։ Պատգամավորներին կոչ է անում մի պահ կտրվել կուրսայինների ու ռեֆերատների թեմայից ու այս խնդրի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։
«Ստեղծվել է մի վիճակ, երբ խախտված իրավունքները վերականգնելու հնարավորություն չկա։ Ազգային Ժողովում իրավաբան, փաստաբան պատգամավորներ կան։ Գոնե օրենսդրական փոփոխություն լինի, հատկապես այն դեպքերում, երբ արգելանք կիրառելու միջնորդություն կա։ Բացի այդ, օրենքում առկա «ողջամիտ ժամկետ»-ի համար պետք է սահմանափակում դրվի, որ դատավորներն արագ գործեն»,-առաջարկում է նա։
Տիգրան Սարգսյանը պատրաստակամ է գործընկերների հետ հանդիպել, խնդիրը ներկայացնել, իր փորձով օգնել օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին։ Հույս ունի՝ հրապարակումն էլ պատգամավորների կողմից արձագանքի կարժանանա, խնդրին լուծում կտրվի, քաղաքացիներն էլ կկարողանան իրենց խախտված իրավունքները դատական կարգով վերականգնել։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Խախտումները քրոնիկ են դարձել
- Ալումյան. Խորհրդային շրջանից Վճռաբեկ դատարանի շենքում ոչինչ չի փոխվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան