Ալեքսեյ Ֆենենկո. Փաշինյանն Ալիևի հետ բանակցություններում կօգտագործի ամենասադրիչ մարտավարությունը
«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման ժամանակ մենք կարող ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից սպասել ամենասադրիչ պահվածք»,-այս մասին «Vestnik Kavkaza»-ին ասել է Մոսկվայի պետական համալսարանի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության դեպարտամենտի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոն՝ խոսելով Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Ես կարծում եմ, որ միակ բանը, որ կարելի է ակնկալել այժմ` ԼՂ կարգավորման Սանկտ Պետերբուրգի ծրագրի վերաբերյալ հստակեցումն է, որը մշակվել է 2016 թ. հունիսին: Բանակցություններից հետո պարզ կդառնա, արդյո՞ք այն հնարավոր է վերակենդանացնել, թե կողմերը այլ սցենարներ կփնտրեն։ Երկրորդը, դա կլինի ռուսական դիվանագիտությանը հարված, քանի որ Մոսկվան 2016 թ. ապրիլյան բախումներից հետո հանդես է եկել որպես կառուցողական խաղաղ գործընթացի երաշխավոր», - ասել է Ալեքսեյ Ֆենենկոն։
Ֆենենկոն կարծում է, որ Փաշինյանի խնդիրն է կանխել Ռուսաստանի ջանքերը, ուստի Ալիևի հետ բանակցություններում կօգտագործի ամենասադրիչ մարտավարությունը՝ դատելով նրանից, թե ինչ էր նա անում անցյալ տարվա ընթացքում:
«Այն ուժերը, որոնք Փաշինյանին իշխանության բերեցին, շատ դժգոհ են Սանկտ Պետերբուրգի պլանի արդյունքներից, քանի որ դա ենթադրում է Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջանների ապառազմականացում», - ասել է Ֆենենկոն:
Ֆենենկոն նշել է, թե Հայաստանի ղեկավարությունը, հրաժարվելով 2016 թ․-ին մշակված ռուսական պլանից, նոր բան չի առաջարկում և Փաշինյանը հույս ունի, թե իր հակառուսական քաղաքականության դիմաց Ամերիկան ու Ֆրանսիան կօգնեն իրեն մշակել նոր ծրագիր Ղարաբաղի համար, ինչը, սակայն, դեռևս տեսանելի չէ։