Ոգևորվել պետք չէ Թրամփի որոշումից
Հակոբ Ավետիքյանը «Ազգ» օրաթերթում գրում է. «Այն ոգևորութունը, որը Երևանից մինչև Ստեփանակերտ հաջորդեց Գոլանի բարձունքները Իսրայելի գերիշխանության մասը ճանաչելու վերաբերյալ նախագահ Թրամփի հայտարարությանը, կրկին երևան հանեց մեր որոշ քաղաքագետների և անգամ պետական գործիչների անձեռնհասությունն ու կարճատեսությունը: Նրանք իսկույն փորձեցին զուգահեռներ անցկացնել Արցախյան և Գոլանյան հարցերի միջև ու հօգուտ Արցախի նոր հիմնավորումներ որոնել Թրամփի որոշման մեջ: Այդ շտապողականության արդարացուցիչ պատճառը եթե ԼՂ հարցի շուրջ բանակցությունների ներկայիս անհեռանկարայնությունն է, ապա հիմնավորումների տեսակետից թույլ է և խիստ միակողմանի, հետևաբարՙ անիրագործելի: Գոլանի և Արցախի հարցերը միմյանց նկատմամբ միայն մակերեսային դիտարկումով են սիմետրիկ, մինչդեռ խորքային դիտարկումները և տարածաշրջանային իրականությունը հակառակն են ապացուցում:
Առաջին հերթինՙ հարցի լուծման թրամփյան ձևը անտեսում, ավելորդ է դարձնում արցախյան հիմնահարցի նկատմամբ մեր հաստատագրված և նախընթաց բանակցություններով ամրագրված փիլիսոփայությունըՙ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը իրացվել և օրինականացվել է համապատասխան հանրաքվեով և հռչակագրով: Մինչդեռ Գոլանում բնակվող ժողովրդի մեծամասնությունըՙ շուրջ 22 հազար մարդ, բնիկ դրուզներ են, որոնք առայսօր իրենց համարում են սիրիացիներ: Այնինչ այդ շրջանում բնակվող մնացած շուրջ 15 հազարը եկվոր հրեաներ են, որոնք 1948 թ. արաբ-հրեական առաջին պատերազմից հետո, Իսրայելի պետության հիմնադիր Բեն Գուրիոնի ու նրա հաջորդների աջակցությամբ մինչև օրս հաստատվող քիբուցների բնակիչներ են: Ահա թե ինչու Իսրայելի պետությունը առայսօր, 1967-ի Վեցօրյա պատերազմից ի վեր, 52 տարվա ընթացքում ոչ մի հանրաքվե չի անցկացրել այդտեղ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դրուզների մեծ մասը չի ընդունում, մերժո՛ւմ է Իսրայելի քաղաքացիությունը: Ավելինՙ Գոլանի ամենամեծ բնակավայրը հանդիսացող Մաժդալ Շամսում բոյկոտում է քաղաքապետական ընտրությունները:
Երկրորդՙ Թրամփի հայտարարությանը հետևած այս տասնօրյակի ընթացքում մենք ականատեսն ենք լինում միջազգային համատարած դժգոհության ու մերժմանՙ ոչ միայն Արաբական աշխարհում, այլև ԱՄՆ-ի դաշնակիցների ու բարեկամների, անգամ բուն Իսրայելի ընդդիմության շրջանակում, որտեղ այդ քայլի ետև տեսնում են առաջիկա ապրիլի 9-ին կայանալիք ընտրությունների նախօրեին վարչապետ Բենիամին Նաթանյահուին օգնելու միտում: Դժգոհ են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները իրենց նախապես առած որոշումները առ ոչինչ համարելու թրամփյան գործելաձևից: Դժգոհ է Եվրոմիությունը ամերիկյան միակողմանի և չհամաձայնեցված այս և նման գործելաոճից, ինչպես Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու թրամփյան 2017 թ. դեկտեմբերի որոշումից: Դժգոհ են արաբական երկրները, նույնիսկ Թուրքիան, որոնք, մի մասը ձևականորեն անշուշտ, հիշյալ որոշման մեջ տեսնում են Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հարված, ինչպես նաև տարածաշրջանում ահաբեկչական ուժերի նոր գործողությունների համար ինքնարդարացման առիթ: Դժգոհ է նաև, ի հեճուկս որոշ քաղաքագետների կանխատեսումների, Ռուսաստանը, որը Ղրիմի հարցը, նաև Դոնեցկի հակամարտությունը չի դիտարկում այդ պարունակում, այլ, ինչպես մենք, ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում:
Արդ, ԼՂ հիմնահարցը իրավունք ունե՞նք զուգահեռելու Գոլանին: Մանավանդ երբ ոչ մի կերպ համեմատելի չեն Հայաստանի և Իսրայելի ռազմական, քաղաքական, քարոզչական ու նյութական հնարավորությունները, որոնց առկայության պայմաններում Թրամփի որոշումը գետնի վրա, ինչպես ասում են, էական ոչ մի փոփոխություն չի առաջացնում: 52 տարի արդեն հրեական պետությունը նստած է Գոլանի բարձունքներում ու դեռ փորձում է անեքսիայի ենթարկել նաև Արևմտյան Ափը ու ոչնչացնել Պաղեստինյան ինքնավարությունը:
Իմ տպավորությամբ թրամփյան քայլը կարող է, ընդհակառակն, նախադեպային ոգևորություն պատճառել Ադրբեջանինՙ մեզ ռազմական արկածախնդիր լուծումներ պարտադրելու տեսակետից...
Երրորդՙ մեր որոշ քաղաքագետների, առավել ևս պետական գործիչների մոտ վերջին շրջանում ավելի նկատելի է դառնում քաղաքական միաչքանիությունը: Նրանք մեկ աչքով են նայում մեր իրականությանը ու բնավ չեն փորձում երկրորդ աչքը պահել հայության ընդհանուր շահերի ու վնասների վրա: Նկատի ունեմ Սփյուռքը, ի մասնավորիՙ Մերձավոր Արևելքի երկրներում ապրող մեր ժողովուրդըՙ Սիրիա, Լիբանան, Հորդանան, Եգիպտոս և նույնինքն Երուսաղեմ: Երկրներՙ որտեղ համաժողովրդական զայրույթն ու ընդվզումը Թրամփի որոշման դեմՙ այս օրերին բարձրակետում են: Եվ հայկական կողմից, մանավանդ պետական մակարդակներում դրսևորվող համակրական ամեն մի դրսևորում դիտարկվում է ատելությամբ, թշնամաբար: Եվ քաղաքական ոչ թե միականիություն, այլ կուրություն պետք է համարել մեր դիվանագետների և գլխավոր դիվանագետի մերօրյա քայլերը Իսրայելում ՀՀ դեսպանություն հաստատելու ուղղությամբ:
Ես ինքս եմ, մի քանի անգամ, գրել նման նախաձեռնություն ձեռնարկելու անհրաժեշտության մասինՙ պաշտպանելու համար Սուրբ Երկրում մեր ունեցած հարստություններն ու իրավունքները, միաժամանակ ներկա գտնվելու աշխարհի կարևորագույն երկրներից մեկում, որտեղ շատ բան է տնօրինվում: Սակայն ներկա պահին նման քայլը հակացուցված է քաղաքականորեն և քարոզչական տեսակետից: Այդպիսի քայլը ներկա պահին, մեզնից անկախ, դիտարկվելու է թրամփյան որոշման համատեքստում, իր կանխատեսելի և անկանխատեսելի բոլոր հետևանքներով, անկախ բոլոր պատճառաբանություններիցՙ իբր Ցեղասպանության ճանաչում, իբր սպառազինությունների Ադրբեջանին մատակարարման կանխարգելում, ևլն: Դրանք դատարկ, սնամեջ խոսակցություններ են. Իսրայելն այսուհետև, Թրամփի որոշումից հետոՙ առավել ևս, դառնալու է ավելի կամակոր, ավելի հանձնապաստան: Պատրանքներ պետք չէ ունենալ»: