Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։
«Մշակույթի նախարարությունը մի քանի անգամ խնդրել է պարոն Օրբելյանին, և գրավոր, և բանավոր, կամ տնօրենի պաշտոնից հրաժարվի կամ գեղարվեստական ղեկավարի։ Հրաժարվել է կատարել նախարարության խնդրանքը, հանձնարարականը։ Դրանից հետո նախարարությունն առաջնորդվելով օրենքի պահանջով՝ պարոն Օրբելյանի տնօրենի լիազորությունները դադարեցրել է՝ ազատելով նրան պաշտոնից»,- ասաց մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ հիմքով է մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն աշխատանքից ազատել Կ. Օրբելյանին։
Հարցին, երբ նա 2017-ին նշանակվել է թատրոնի տնօրեն, նույն օրենքն է գործե՞լ, նա պատասխանեց, որ այո, Կ. Օրբելյանն այդ ժամանակ պետք է հրաժարվեր գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, քանի որ մինչ տնօրեն նշանակվելը թատրոնի գեղարվեստական ղերավարն էր, իսկ նա չի հրաժարվել։
Հիշեցնենք, որ դեռ 2018 թ. օգոստոսի 27-ին կայացած ասուլիսում մշակույթի այդ ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցն ասել էր. «Մեր կողմից հնչեցվել է այդ տեսակետը, որ տնօրենն առանձին հաստիք զբաղեցնի, գեղարվեստական ղեկավարը՝ առանձին։ Խոսել ենք գլխավոր դիրիժորի հաստիքի անհրաժեշտության մասին։ Անձամբ իմ կարծիքն այն է, որ եթե այդ հաստիքները լինեն առանձին, օպերայի արդյունավետ աշխատանքը շատ ավելի զգալի կլինի։ Շատ դեպքերում տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հաստիքները միմյանց հետո պետք է կոնֆլիկտի մեջ մտեն, ու դրա արդյունքում է լինում արդյունավետ աշխատանք»։
Ի պատասխան Մակունցի այս հայտարարության՝ Կ. Օրբելյանն ասել էր. «Աշխարհի շատ թատրոններում գլխավոր տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի պաշտոնները համատեղ են։ Նաև եթե գեղարվեստական ղեկավարը դիրիժոր է, չպետք է լինի գլխավոր դիրիժոր, այդ պաշտոնները նույնպես համատեղվում են»։
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
- Կոնստանտին Օրբելյանն ու Խվորոստովսկին՝ կրկին «Գրեմմիի» հավակնորդներ
- Ես ասել եմ՝ թողեք աշխատեմ. Կոնստանտին Օրբելյան
- Օպերային թատրոնում արմատական փոփոխությունների անհրաժեշտության կարիք կա. Լիլիթ Մակունց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան