Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
«Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ինձ ոչ լեգիտիմ են նշանակել այս պաշտոնում։ նա կարծում է, որ պետությունը իրավուքն չուներ ինձ նշանակել 1,5 տարի առաջ։ Նա անձամբ է այդպես կարծում»,- լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Կ. Օրբելյանի խոսքով, ինքը նախապես տեղեկացված չի եղել այդ որոշման մասին։ Հարցին, թե շարունակելո՞ւ եք մնալ օպերային թատրոն գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, նա պատասխանեց. «Ես այստեղ եմ, ես մնում եմ։ Դեռ այստեղ եմ որպես գեղարվեստական ղեկավար»։
Կ. Օրբելյանը նշեց, որ Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանա, առաջարկել է հեռանալ, ինքն ասել է՝ ոչ։
Կ. Օրբելյանն ասաց, որ դիմելու են դատարան, քանի որ ազատման հիմքերն անօրինական են։
Թատրոնի դերասաններն ասացին, որ Ն. Ղարիբյանին վաղը ժամը 16։00-ին հրավիրում են կոլեկտիվի հետ հանդիպման։ Նրանց խոսքով, այս ամիսների ընթացքում նա որևէ անգամ չի հանդիպել թատրոնի կոլեկտիվի հետ, հրավիրել են ներկայացումների պրեմիերաների, երեբք չի եկել։ Թատրոնի դերասանները ցանկանում են իմանալ, թե ինչի հիման վրա են ազատել Կ. Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից։
«Մեկ-երկու հոգու ամբիցիաների պատճառով չի կարող տուժել մի ամբողջ կոլեկտիվ»,- ընդգծեց թատրոնի դերասանուհիներից մեկը։
Նա կարծում է, որ նման վերաբերմունքն անձնավորված է, քանի որ այն, ինչ կատարվել է թատրոնում Կ. Օրբելյանի տնօրեն լինելու ընթացքում, երբեք չի կատարվել՝ հետաքրքիր հանդիպումներ դրսից հրավիրված հայտնի մասնագետների հետ, պրեմիերաներ, հիմնականում հենց մաեստրոյի կողմից ֆինանսավորված կամ նրա կողմից հայթայթված գումարով։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունից Panorama.am-ին ներկայացնելով Կ. Օրբեկյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հիմքը՝ մեջբերել էին Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։
Կոնստանտին Գարիի Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով թատրոնի տնօրեն։
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
- Ես ասել եմ՝ թողեք աշխատեմ. Կոնստանտին Օրբելյան
- Օպերային թատրոնում արմատական փոփոխությունների անհրաժեշտության կարիք կա. Լիլիթ Մակունց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան