Արամ Առաջին. Փորձեցին աշխարհի քարտեզից ջնջել Հայաստանը, սակայն այսօր մենք ներկա ենք ամեն տեղ
«Փառք քեզ Աստված, որ այս հոգեպարար առիթն ընծայեցիր ինձ վերաօծելու այն եկեղեցին, ուր դարեր շարունակ կաթողիկոսներ են օծվել և թաղվել, հայոց մեռոնն օրհնվել»,- Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու վերաօծման արարողության ասել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը։
Հենց Արամ Առաջինի ձեռամբ վերաօծվեց Հալեպի մայր եկեղեցին, որը պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015 թվականի ապրիլին, ավերվել էր եկեղեցու գրեթե 70 տոկոսը։
Արամ Առաջինի խոսքով, Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու վերաօծումը խորհրդանշական և պատմական մեծ իմաստ ունի, կշարունակի հայ եկեղեցու հավատքի վկայությունը։
«Պատմության ընթացքում ուրիշները քանդեցին, սակայն մենք վերաշինեցինք, ուրիները փորձեցին մեր ժողովրդի կյանքում սպանել հավատքը, բայց մենք հավաքական ասացինք՝ այս հավատքում մեզ ոչ ոք չի կարող հաղթել: Մենք մեր հավաքական կերպարով ոչ ասացինք անարդարությանը և պայքարեցինք, ու պետք է պայքարենք հանուն արդարության:
Ուրիշները ցեղասպանություն գործեցին մեր ժողովրդի դեմ, սակայն չհաջողեցին: Այսօր մեր ժողովուրդը հարություն է առել, այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան՝ թեկուզ մեր պատմական հողերի մի փոքր շերտի վրա: Սակայն մենք պետք է ձգտենք տեսնելու Հայաստանը մեր երազած պատկերով։ Ուրիշները փորձեցին աշխարհի քարտեզից ջնջել Հայաստանը, սակայն այսօր մենք ներկա ենք ամեն տեղ»,- ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Արամ Առաջինն ընդգծեց, որ հայ ժողովուրդը Թուրքիայում մահ տեսավ, իսկ Սիրիայում կյանք. «Մենք սիրիացի ժողովրդի հետ ապրեցինք փոխադարձ հրագանքով, սիրով ու պետք է շարունակենք նույն ոգով»։
Վերաօծման արարողությունն ու Արամ Առաջինի խոսքը՝ տեսանյութում։
Լուսանկարները՝ Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու վերաօծումը
- Արամ Առաջին. Դարձյալ եկել եմ մեր ժողովրդի հետ լինելու
- Արամ Առաջինը չորս օր անցկացնելու է Հալեպում
- Արամ Առաջինը կմեկնի Հալեպ
- Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում