Օպերային թատրոնի արտիստները բողոքի ակցիա կանցկացնեն
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմն իր վրդովմունքն է հայտնում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը։
Թատրոնի աշխատակիցները այսօր ժամը 16։00-ին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն նախարարության այդ կամայական որոշման դեմ՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին։
«Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական միչև ՀՀ մշակույթի նախարարությունն ականջալուր լինի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների, այս դեպքում նաև բարձր արվեստը ներկայացնող արտիստների արդարացի պահանջին»,- նշված է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Ն. Ղարիբյանն ասել է, որ գեղարվեստական ղեկավարը ղեկավար պաշտոն է, ոչ թե ստեղծագործական. «Թյուրիմացաբար մինչև հիմա ընկալվել է այնպես, որ ստեղծագործական է, բայց օրենքում գրված է, որ ղեկավար պաշտոն է»։ Նա երեկ նաև հայտարարեց, որ արդեն նշանակել է նոր տնօրենին, երկուշաբթի կհայտնեն, թե ով է։
Հարակից հրապարակումներ`
- Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
- Կոնստանտին Օրբելյանի ազատման պատճառը
- Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից
- Ես ասել եմ՝ թողեք աշխատեմ. Կոնստանտին Օրբելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան