«Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը նվիրվում է Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին
Մեկնարկում է «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման 2019-ին ևս «Արտ-Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում:
Փառատոնի կազմակերպիչները հայտնում են, որ «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի և գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին:
Մրցույթ-փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս հայտնի այս փառատոնը կանցկացվի նաև Արցախի Հանրապետությունում՝ նույն ձևաչափով ու նույն սկզբունքներով:
Փառատոնն անցկացվում է հետևյալ անվանակարգերում`դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ազգային երգեցողություն, ազգային նվագարաններ, էստրադային երգեցողություն, էստրադային գործիքներ, կամերային անսամբլ, երգչախումբ, խորեոգրաֆիկ արվեստ, կերպարվեստ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, թատերակարգեր:
Նախորդ տարիների նման՝ 2019-ին ևս մասնակցության բազմաթիվ հայտեր են ստացվել: Ի դեպ, այս փառատոնը նաև օնլայն լսումների հնարավորություն է տալու այն մասնակցին, ով Երևան հասնելու դժվարություն կունենա: Մասնագիտական ժյուրին կատարմանը կհետևի տեսազանգի օգնությամբ:
Ապրիլի 16-ին Երևանում «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կկայանա «Մշակույթների երկխոսություն» XIII միջազգային գիտաժողովը՝ «Մշակույթ և հասարակական գիտակցություն» թեմայով, որը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:
«Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթան հանդիսանալ դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացման ճանապարհին, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և համագործակցային այլ կապեր, օտարազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը: «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը նաև գիտամանկավարժական փորձի փոխանակման օրինակելի և լավագույն հարթակն է: 2007 թվականից սկսած առանց դադարի այս փառատոնը բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր երաժիշտ-կատարողների: 12 տարի անդադար «Արտ-Վերածնունդ»-ը ծառայեց իր նպատակին և որդեգրած սկզբունքներին՝ աշխարհի տարբեր երկրներից իր շուրջը համախմբելով աշխարհահռչակ երաժիշտների, երգիչ-երգչուհիների:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան