Վթարվել է «Արզնի 2 – Երևան» ջարատարը
Այսօր, առավոտյան ժամը 7.30-8.00-ին Վեոլիա Ջրի Կենտրոնական կարգավարական ծառայությունում գրանցվել է ճնշման կտրուկ անկում «Արզնի 2 - Երևան» 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա: Մայրաքաղաքի մուտքին տեղադրված էլեկտրոնային հոսքաչափը ցույց է տվել վայրկյանում շուրջ 130 լիտր ջրի կորուստ:
«Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից հայտնում են. «Պարզ է դարձել, որ վթար է տեղի ունեցել, այն էլ խոշոր: Տագնապով ոտքի հանված 2 վթարային բրիգադ մեկնել է դեպքի հնարավոր վայր ու հայտնաբերել վթարը Գետամեջ գյուղին հարակից այսպես կոչված գազի պահեստարանների շրջանում: Ջուրը հզոր ցայտով դուրս էր հորդում ինչ-ինչ պատճառներով խողովակի բացված կարից: Գործին ձեռնամուխ են լինում անմիջապես:
Ինչպես աշխատանքների վայրից տեղեկացրեց «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Արաբկիր» տեղամասի պետ Դավիթ Սահակյանը, անհրաժեշտ նախապատրաստությունից հետո, եռակցողներն արդեն ձեռնամուխ են եղել վթարի վերացմանը: Աշխատանքներում ներգրավված են բավարար քանակությամբ և մասնագետներ, և տեխնիկա, և ծախսանյութեր: Գործն առաջ է գնում անխափան:
Նշված խողովակաշարից սնվող տարածքների մեծ մասի ջրամատակարարումը ներկայումս իրականացվում է համաձայն գրաֆիկի՝ ջրամբարներում կուտակված ջրի շնորհիվ: Այնուամենայնիվ, Արաբկիրի որոշ վայրերում ժամը 13:30-24:00 դադարեցվում է ջրամատակարարումը: Դրանք են Ղափանցյան, Գրիբոյեդով, Արծրունի, Արղության, Ռիգա, Փափազյան, Ա.Խաչատրյան, Կոմիտաս, Վաղարշյան, Սունդուկյան, Ադոնց, Վրացական, Հ.Քոչար, Զարյան, Արաբկիրի 17-27 փողոցները, ինչպես նաև Գետամեջ գյուղը:
Ըստ Դավիթ Սահակյանի, եթե չլինեն անկանխատեսելի խոչնդոտներ, ապա «Արզնի 2 - Երևան» ջրատարի շահագործումը կվերսկսվի նշված ժամկետին: Ցավոք, դրանից հետո ևս որոշ ժամանակ կպահանջվի այդ խոշոր ջրատարը, ինչպես նաև ներքաղաքային բաշխիչ ցանցը մի քանի տասնյակ հազար խորանարդ մետր ջրով լցնելու ու այնտեղ բավարար ճնշում ապահովելու համար՝ սպառողների լիարժեք ջրամատակարարումը վերականգնելու նպատակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան