Երևանում մահվան ելքով ավտովթարի դեպքով մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժում քննություն է տարվում՝ Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ մարտի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում ընդհարվել են «Վազ-2106» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Ավտոպատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Հերացու» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1961թ., երկու ուղևորները՝ ծնված 1964 և 1978 թթ.: «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի՝ 54-ամյա ուղևորուհին, գիտակցության չգալով, նույն օրը հիվանդանոցում մահացել է:
Ժամեր անց մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» են դիմել նաև «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում ավտովթարի պահին գտնված անձինք՝ ծնված 2003, 1987 և 1993 թթ.:
Դեպքի առթիվ 2019թ. մարտի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավտոպատահարի մի շարք հանգամանքներ. տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վթարի պահին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վարել է 1987 թվականին ծնված տղամարդը, ով գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ: Վերջինս ձերբակալվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատաքիմիական և դատամանրաթելային փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան