Քաղաքական տյունի՞նգ, թե՞ «իրավիճակ է փոխվել». ՀՀԿ և ՔՊ նմանություններն ու տարբերությունները. Lurer.com
Lurer.com-ը գրում է. «Հեղափոխությունից հետո շատերն են զուգահեռներ անցկացնում ներկա և նախկին իշխանությունների միջև: Շատերի կարծիքով իրավիճակ է փոխվել, մյուսներն էլ պնդում են, որ ՔՊ նույն ՀՀԿ-ն է, պարզապես քաղաքական տյունինգի ենթարկված: Փորձենք վեր հանել անցյալի և ներկայի քաղաքական լիդերների ընդհանրությունները և նմանությունները:
Եվ այսպես, որո՞նք են ՀՀԿ և ՔՊ նմանությունները.
1.Նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Ու սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը, հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին: Բայց հիմա ստացվում է` նրանք ևս ընթանում են նախորդների ճանապարհով:
2. Տրանսֆերտների հարկման մասին վերջին խոսակցությունները։ Դրանք գալիս են հիշեցնելու, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնում է ՀՀԿ հետքերով՝ փորձելով հարկային եկամուտները ձևավորել բնակչության աղքատ խավերի հաշվին, քանի որ տրանսֆերտներ հիմնականում ստանում են այն ընտանիքները, որոնք երկրի տարածքում բավարար եկամտի աղբյուր չունեն, այլապես տրանսֆերտի կարիք էլ չէին ունենա, և ստիպված են մեծ մասամբ այդ եկամուտը վաստակել օտարության մեջ, հաճախ շատ ծանր պայմաններում։
3. ՔՊ-ն գնալու է ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի ճանապարհով, որովհետև նրանց նման կառուցվել է իշխանության շուրջը և հանուն իշխանության:
4 Ինչպես և ՀՀԿ-ն ՔՊ-ն նույնպես կառուցվել է մեկ մարդու շուրջ: Եթե այն ժամանակ ասելով ՀՀԿ՝ հասկանում էինք անփոխարինելի Սերժ Սարգսյան, ապա այսօր արդեն անփոխարինելի է Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ համար:
5. Մարզերում համատարած ՔՊ-ականացումից հետ չի մնում նաև մայրաքաղաքը, որտեղ սնկի պես սկսել են աճել ՔՊ գրասենյակները: Ժամանակին այդ մենաշնորհը պատկանում էր ՀՀԿ-ին: Իհարկե, դա մի կողմից նորմալ, տրամաբանական քաղաքական գործընթաց է, քանի որ Փաշինյանի թիմը այս պահին քաղաքական դաշտում կայանալու խնդիր ունի, բայց արդյո՞ք Փաշինյանը գիտակցում է, որ այս տենդենցի խորացումը կարող է փակուղու առջև կանգնեցնել հենց իրեն:
6.Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում դասավորելու, գնումների համակարգում նրանց «չալաղաջ» պայմանագրերը առաջարկելու պրակտիկան ևս ՀՀԿ-ից փոխանցվել է ՔՊ-ին: Ամենաթարմ դեպքերի հերոսները Արարատի մարզպետն ու Երևանի քաղաքապետն էին՝ համապատասխանաբար դպրոցի ուսմասվար տնօրենով և գնումների մրցույթում հաղթած մտերիմ ընկերոջով:
7.Ինքնապարգևատրումները, չարած աշխատանքի դիմաց պետական բյուջեի հաշվին ճոխ ինքնահատկացումներ անելու հարցում ՔՊ-ն հետ չի մնում ՀՀԿ-ից: Չնայած արդարության համար պետք է փաստենք, որ ՀՀԿ-ն եթե նույնիսկ արել է նման քայլեր, դա չի եղել այսպիսի ծավալներով և այսպիսի պնդերեսությամբ:
8. Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում անգամ խաշի նկատմամբ սիրո հարցում: Խաշ փարթիները ընդունված երևույթ են նաև ՔՊ թիմում:
9.Ազատ մամուլի հանդեպ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ չի տարբերվում նախկին իշխանություններից, որոշ հարցերում նույնիսկ շատ ավելի ռադիկալ և անհանդուրժող է: ՀՀԿ օրոք լրատվամիջոցների գրասենյակներ շնորքով չէին ներխուժում, ԱԺ մակարդակով էլ չէին քննարկում կարգազանց լրատվամիջոցներին պատժելու հարցը:
10.Վերջին նմանությունը ի հայտ եկավ այսօր, երբ Իմ Քայլը խմբակցությունը, ՀՀԿ անելով, տապալեց ԱԺ նիստը, չապահովելով քվորում Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության քննարկման ժամանակ: Հեղափոխությունից հետո մինչ ընտրությունները նման կերպ վարվում էր հենց ՀՀԿ-ն:
11.ՀՀԿ և ՔՊ նմանությունների թվին կարելի է դասել նաև այն, որ ներկայիս իշխանական թիմում քիչ թե շատ պրոֆեսիոնալ կադրերը, բոլորն էլ նախկին իշխանության մաս էին կազմում»:
Ամբողջական հոդվածը՝ սկզնաղբյուրում: