Դավիթ Պիպոյան. Գիտնականը չի կարող օդից վերցնել ու ծրագիր ներկայացնել
ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը ԳԱԱ տարեկան ժողովից հետո չի պատրաստվում որևէ ծրագիր ներկայացնել կառավարությանը մի պարզ պատճառով՝ նա չգիտե, թե պետության համար որո՞նք են առաջնահերթությունները։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես կարող եմ ասել, թե ինչ է ուզում պետությունը կամ կառավարությունը գիտությունից: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիան ողջ թափով կսպասարկեն քաղաքական այս տեսլականը»։
Պիպոյանն ընդգծում է՝ սննդի անվտանգության ոլորտում գիտությունն ունի շատ կարևոր դեր և նշանակություն։
«Բայց մենք ունենք առաջնահերթությունների խնդիր, օրինակ, այդ ներկայացվող ծրագրերը ո՞ր խնդիրներին պետք է ուղղված լինեն։ Եթե արտահանմանն է ուղղված, ուրեմն ծրագիրը պետք է լինի այլ կերպ։ Եթե միջազգային փորձից ենք խոսում, ապա պետությունն ասում է՝ սրանք են իմ առաջնահերթությունները ու դրանց համապատասխան գիտնականները ներկայացնում են իրենց ծրագրերը»,-ներկայացնում է Պիպոյանը։
Նա հիմա չգիտի, թե իրենց ծրագրերը որ ոլորտին են պետք։ Թվարկում է՝ կարող են ծրագիր ներկայացնել գյուղատնտեսության, ռիսկերի շղթայի գնահատման, սննդամթերքի անվտանգության, հանրային առողջապահական, արտահանման ոլորտներում։
«Գերատեսչությունները պետք է հստակ իմանան, թե գիտնականն ծրագրերում ի՞նչ դեր և նշանակություն ունի։ Փոքր ռեսուրս ունեցող Հայաստանում կա նաև ռեսուրսների ճիշտ բաշխման խնդիր»,-ընդգծում է նա։
Նա մի օրինակ է բերում. մոնիթորինգային ծրագրերի համար ընտրված են կաթ-կաթնամթերքն ու միս-մսամթերքը, այն դեպքում, երբ միայն հացի սպառումը շատ ավելի մեծ տոկոս է կազմում, քան կաթն ու միսը միասին վերցրած։
«Մեր իրականացրած հետոզոտությունները կարող էին ծառայել պետության ռեսուրսների ճիշտ վերաբախշման համար, որպեսզի պետությունն իր գերակայությունները հաստատի։ Բայց ինչպես նշեցի, պետք է հասկանանք մեր առջև դրված առաջնահերթությունները, որպեսզի մենք էլ կարողանանք ավելի նպատակային ծրագրեր տանք։ Ընդգծում եմ, կառավարությունը պետք է տա իր պատվերը, իր առաջնահերթությունների շրջանակը, նաև մրցույթ հայտարարի պրակտիկ հետազոտությունների համար։ Գիտնականը չի կարող օդից ծրագրեր ներկայացնել։ Սա նաև կնպաստի գիտնականների ու գիտական կենտրոնների միջև մրցակցությանը»,-ասում է նա։
Կենտրոնի ղեկավարը հիշեցնում է, որ Հայաստանում գիտությունը մեկ դոլարին տրված արժեքով աշխարհում լավագույն երկրներից մեկն է, կարողանում է սուղ միջոցներով գիտական բարձր արժեք տալ։
Նույն հանդիպմանը Փաշինյանն առաջարկեց փող չլինելուց չխոսել. «Համոզված կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որն ինքն իրենով կապացուցի, որ և՛ ծրագրի հաջողության, և՛ նույնիսկ անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը և Հայաստանի Հանրապետությունը շահելու է, չեմ պատկերացնում այդպիսի մի իրավիճակ, որ ՀՀ կառավարությունը գումար չգտնի այդպիսի ծրագրի համար»։
Այս դեպքում էլ Պիպոյանը մեկ այլ օրինակ է նշում։ Տարիներ շարունակ հայտարարվել է սննդամթերքի ոլորտում ռիսկերի գնահատման կենտրոն պետք է լինի, որը պետք է մասնակցի պետական կարևորագույն որոշումների կայացմանը։ Իր ղեկավարած կենտրոնը հայտ էր ներկայացրել դառնալու այդ ռիսկի գնահատողը։
«Նախագիծը շրջանառվում էր։ Բայց կառավարության նախանիստերից մեկում անհայտ պատճառով չի ընդունվել նախագաիծը։ Հիմա եթե ինձ տան մերժման հիմնավորումը, ես էլ կհասկանամ, թե ինչ պետք է փոխենք, որ համապատասխանենք մրցույթին։ Մենք երիտասրդ ու ճկուն թիմ ունենք, գիտական բազմաթիվ աշխատանքներ, կարող ենք այդ փոփոխություններն իրականացնել։ Օրեր առաջ ԵՄ-ն մեր հետազոտությունները հենք ընդունեց ԵՄ պաշտոնական դիրքորոշման համար։ Սա արդեն իսկ խոսում է կենտրոնի աշխատանքների մակարդակի մասին»,-նշում է գիտնականը՝ նկատելով, որ այստեղ առկա հաղորդակցման ու հետադարձ կապի խնդիր։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Պիպոյան. Երևանում կան մետաղական ռիսկեր, որոնք սպառնում են հանրային առողջապահությանը
- Սննդագետ․ Ձմերուկի թանկ լինելու պատճառով իրացումը նվազել է
- Դավիթ Պիպոյան. 9 կին մեկ ամսում մեկ երեխա չեն կարող ունենալ
- Սննդագետ. Թանկացման հետևանքով կարմիր մսի սպառումը նվազել է
- Դավիթ Պիպոյան. Ինչո՞ւ է ծուլանում գյուղատնտեսության նախարարությունը
- Սննդագետ. Թանկացման հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին ու անորակ սնունդին
- Սննդագետ. Պետք է վախենալ ոչ թե ամերիկյան ընկերությունից, այլ ոլորտի բարձիթողի վիճակից
- Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն. Թուրքիայից լոլիկ չներկրվելու հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Դավիթ Պիպոյան. Հայաստանը լուրջ խնդիրներ ունի պարենային իրավունքի ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան