ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը՝ է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևի հետ: Այցի շրջանակում քննարկվել են ռազմաբժշկության ոլորտում կադրերի պատրաստման հնարավորությունները:
ԵՊԲՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ռազմաբժշկական ֆակուլտետը ԱՊՀ երկների համար շարունակում է մնալ որպես ռազմաբժշկական կրթության կենտրոն:
«Ռազմաբժշկական ֆակուլտետը՝ 25 տարվա գործունեությամբ, այն մակարդակի վրա է, որ թույլ է տալիս նաև արտահանել բժշկական կրթությունը»,- ասել է ռեկտորն՝ ավելացնելով, որ 100-ամյա պատմություն ունեցող բուհը շարունակում է միջազգայնացման գործընթացը, և այս համագործակցությունն իր դրական ազդեցությունը կունենա այդ հարցում:
Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևը ԵՊԲՀ ռեկտորին ներկայացրել է Ալմատայի և Աստանայի ռազմաբժշկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքների պետերին, ովքեր պատրաստվում են մեկ ամիս վերապատրաստվել ԵՊԲՀ հիվանդանոցներում և ՊՆ զինվորական հոսպիտալներում:
«Ուրախալի է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմական համագործակցությունը շարունակվում է նաև ռազմաբժշկական կրթության շրջանակում»,- նշել է Մուխտար Մայկեևը՝ ընդգծելով Հայաստանի հարուստ փորձը ռամաբժշկության ոլորտում:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ճանաչվել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն: