Երիտասարդ հունահռոմեականները երկու մեդալ են նվաճել Բաթումիում
Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մարտի 27-30-ը Բաթումիում մասնակցել են միջազգային մրցաշարի, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես եկող ըմբիշներից արծաթե մեդալ է նվաճել 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը: Բրոնզե մեդալակիր է դարձել Ռուբեն Հակոբյանը (63 կգ):
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է, որ մրցաշարին հիմնական կազմով չեն մասնակցել:
«Այս մրցաշարին մասնակցել ենք հիմնականում 2-րդ և 3-րդ համարներով: Արդյունքներից գոհ չեմ, կարող էինք ավելին: Ճիշտ է՝ մրցակցությունը բարդ էր, տիտղոսակիր ըմբիշներ կային, բայց մերոնք էլ թույլ չէին:
Գոտեմարտեր եղան, որ մեր տղաները 7:0, 5:0 հաղթում էին, սակայն վերջին պահին պարտվում: Կարող եմ սա այսպես բացատրել. հիմնականում այս մրցումներին մասնակցում էին այն ըմբիշները, որոնք նոր են պատանեկան հավաքականից համալրել երիտասարդականը:
Պատանիներում, ինչպես գիտեք, գոտեմարտը տևում է 2-ական 2 րոպե, իսկ այստեղ՝ 3 րոպե է: Մարզումների հատուկ մոտեցում ու ծրագիր ունենք, որպեսզի այդ անցումը ճիշտ կատարվի և տղաները,այսպես ասած, դիմանան»:
Երիտասարդական ընտրանին՝ հիմնական կազմով, ապրիլի 4-8-ը կմասնակցի Կասպիյսկում կայանալիք միջազգային մրցաշարի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան