Երևանում անցկացվել է ֆրանկոֆոն երկրների հուշարձանները ներկայացնող քայլերթ-ֆլեշմոբ
Կայացել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում նախաձեռնած քայլերթ-ֆլեշմոբը:
ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ մայրաքաղաքի կենտրոնում ակցիայի մասնակիցները՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, կամավորներն ու ֆրանսիական քոլեջի ուսանողները շուրջ մեկ ու կես ժամվա ընթացքում Երևանի գլխավոր փողոցների անցորդներին ներկայացրել են ֆրանկոֆոն թվով 53՝ Ալբանիա, Անդորա, Հայաստան, Բելգիա, Բենին, Բուլղարիա, Շվեյցարիա, Մոլդովա, Եգիպտոս, Ֆրանսիա և այլ երկրների առավել հայտնի հուշարձանները:
Ֆլեշմոբի մասնակիցներին /Հանրապետության հրապարակ, Շառլ Ազնավուրի հրապարակ, Ֆրանսիայի հրապարակ, Ազատության հրապարակ/ ուղեկցել են «Երևանյան թմբուկահարներ»-ը, որոնց մասնակցությունը բավականին ոգևորող էր:
Թավրիզի համալսարանի դասախոս Լեյլա Սալիքսամանին առաջին անգամ էր Հայաստանում և պատահական հայտնվել էր այսպես ասած «դեպքի վայրում»: Տիկին Լեյլան իր երկրում ֆրանսերեն է դասախոսում: Քաջածանոթ լինելով ֆրանկոֆոն երկրների մշակույթին նա համոզմունք է հայտնել, որ ակցիան շատ հետաքրքիր ու գեղեցիկ էր կազմակերպվել:
Ֆլեշմոբը հետաքրքրություն էր առաջացրել հատկապես օտարերկրացիների մոտ, ովքեր «անմահացնում» էին միջոցառման հետաքրքիր պահերը, սելֆիներ անում, նույնիսկ ոգևորում քայլերթի մասնակիցներին՝ ծածանելով Եռագույնը:
«Միջոցառման նպատակը՝ մեր հայրենակիցներին ֆրանկոֆոն երկրների մշակույթի մի փոքրիկ մասին ծանոթացնելն է: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ՊՈԱԿ-ի կազմակերպած այս տարվա առաջին նախաձեռնությունն է: Հաջորդը ապրիլի 5-ին է՝ «Հայ մտավորականները ֆրանկոֆոն մշակույթում» խորագիրը կրող ցուցադրություն և պար- ներկայացում կլինի «Զվարթնոց» արգելոց-թանգարանում: Տարբեր մշակույթները ներկայացնելը ու գիտելիքների հարստացումը շատ կարևոր ու ճիշտ է», – իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
Նրա փոխանցմամբ, առաջիկայում քայլերթ-ֆլեշմոբ կանցկացվի նաև հանրապետության մարզերից մեկում:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում