Մշակույթի ոլորտում շունը տիրոջը չի ճանաչում. Մարուքյան
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում Փաշինյան-Ալիև հանդիպումը, բայց կուսակցության մի քանի հարցերի պատասխանները հրապարակային այդպես էլ չեն տրվել»,- խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ հստակ չէ, թե հայկական օրակարգն ի՞նչ եղավ այդ քննարկումների ժամանակ։
«Երեք սկզբունքների ու վեց տարրերի մեկնաբանությունների մասին տեղեկություն չեղավ։ Դա ենք ուզում հասկանալ, մնացած մասով դրական արձագանքներ կան, և կարծում եմ՝ դրական է, որ բանակցությունները կշարունակվեն: Չեմ բացառում, որ գաղտնիության ռեժիմով կփորձենք տեղեկատվություն ստանալ, որովհետև կարծում եմ, որ նոր Հայաստանում գոնե խորհրդարանական ուժերը պետք է տեղյակ լինեն ընթացող պրոցեսներից»,- նշեց պատգամավորը։
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում համանախագահների հայտարարության այն կետի իրականացումը, որ կողմերը հումանիտար ոլորտում պետք է աշխատանքներ իրականացնեն, Մարուքյանը պատասխանեց. «Դա տեղավորվում է հասարակություններին խաղաղության պատրաստելու կոնտեքստում»։
Ինչ վերաբերում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշեց. «Այս ամենը կախված է այն քաոսային իրավիճակի հետ, որ կառավարությունում կա։ Տեսեք այս քառօրյա նստաշրջանում էլ եկան էլի սահմանադրության խախտմամբ հարցերին պատասխանեցին։ Իրենք իրավունք չունեն մոտենալ ամբիոնին։ Հայաստանի մշակույթի ոլորտում տեղի ունեցող այդ խայտառակ իրավիճակը հենց այն պատճառով է, որ չկա տեսլական, թե ինչ է պետք է անել այդ ոլորտում»։
Խոսելով կառավարության կառուցվածքից՝ Մարուքյանն ասաց. «Մեկ տարի է՝ կառավարությունն աշխատում է, և իրենք էլ չգիտեն, թե ինչ կառուցվածք են ուզում: Մեկ տարի է՝ չգիտեն փոխմարզպետներին ազատելո՞ւ են, թե՞ ոչ: Հինգ ժամ կարող եմ ասել, թե էլի ինչեր: Մի տարի է՝ Հարկային օրենսգրքից խոսում ենք, երեկ նոր ստացել ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Ոլորտում շունը տիրոջը չի ճանաչում։ Մեր առաջարկը հենց դրան է միտված, որ պետք է ունենանք ոլորտով զբաղվող նախարարություն»։
Լրագրողի հարցին, թե ափսոսո՞ւմ են, որ մեկ տարի առաջ չեն միացել Նիկոլ Փաշինյանի քայլարշավին, գուցե այդ ժամանակ կադրերը հենց իրենց շարքերից փոխլրացվեին, Մարուքյանն արձագանքեց. «Այնպես չի, որ մեզնից կադրեր չեն գնացել կառավարություն: Եթե առաջարկ եղել է, ասել ենք՝ գնացեք, աշխատեք: Որևէ ափսոսանք չունենք, դրա մասին շատ ենք խոսել, եթե ինչ-որ բան սխալ արած լինեինք, ապա քաղաքական արենայում գոյություն չէինք ունենք, մինչդեռ ավելին ենք, քան կայինք: Ամեն ինչ շատ լավ է եղել, շատ ճիշտ է եղել: Հիմա պետք է ոչ թե հետ նայել ու տեսնել, թե ով ինչ ասեց ու արեց, այլ առաջ նայենք ու կապիտալիզացնենք ունեցածը»:
Հարակից հրապարակումներ`
- Պետք չէ ակնկալել, որ մեկ հանդիպումից հետո դարակազմիկ առաջընթաց կլինի. Ռուբեն Ռուբինյան
- Փաշինյան-Ալիև հանդիպումից հավելյալ տեղեկատվության անհրաժեշտություն կա. Տոնոյան
- Չի կարելի այդպիսի հեղինակություններից գրիչի մի շարժումով ազատվել. ԲՀԿ-ական պատգամավոր
- Մանրամասներ՝ վարչապետի և օպերային թատրոնի ներկայացուցիչների հանդիպումից
- Մենք որևէ անձի համար ոչ ճանապարհ ենք հարթում, ոչ էլ ճանապարհ ենք փակում. Գևորգ Պետրոսյան