Պետք չէ ակնկալել, որ մեկ հանդիպումից հետո դարակազմիկ առաջընթաց կլինի. Ռուբեն Ռուբինյան
«Պետք է հաշվի առնել, որ տարիներ շարունակ եղել են տարբեր մեկնաբանություններ և տրամաբանական չէ ակնկալել, որ մեկ հանդիպման ընթացքում այդ մեկնաբանությունները հստակեցվելու են: Սա շարունակական գործընթաց է, բայց շատ կարևոր է, որ այդ գործընթացը սկսվելու է»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ չեն անդրադարձել մադրիդյան երեք սկզբունքներին և այն վեց տարրերի մասին, ապա կարո՞ղ են ասել, որ կողմերն աշխատում են նոր փաստաթղթի շուրջ, Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում և դա տրամաբանական է, քանի որ բանակցություններում այս պահին չկա հստակ բովանդակային փուլ։
«Ինչպես բազմիցս նշվել է, կողմերը խոսում են բանակցություններից և միմյանց ընկալումներից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հումանիտար ոլորտում տարվելիք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքին, պատգամավորը նշեց, որ հումանիտար աշխատանքների մասին Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացում վարչապետը նշել է օրինակներ:
«Ես գիտեմ, որ դրանք նույնպես պետք է մշակվեն։ Հստակություն դեռ չկա, բայց խոսքը հավասարաչափ երկկողմանի հումանիտար ակցիաների մասին է, որ միտված են փոխվստահության մակարդակի բարձրացմանը և բանակցությունների համար անհրաժեշտ համապատասխան խաղաղության մթնոլորտի ստեղծմանը»,- նշեց պատգամավորը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք խոսվե՞լ է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին, Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ Արցախից վերադարձել են երեկ գիշերը, ուստի չեն կարող ասել:
Դիտարկմանը, թե ինչպես է գնահատում Արդբրեջանի նախագահի հայտարարությունը, պատգամավորն արձագանքեց. «Նորմալ: Այն այնպիսի հանդիպում չէր, որ պետք էր ակնկալել դարակազմիկ արդյունքներ, բայց միևնույն ժամանակ կարևոր հանդիպում էր երկրների ղեկավարների միջև, մեր կողմից վերջին ամիսներին հնչեցվել են թարմ գաղափարներ, տրամաբանական մոտեցումներ, և այս համատեքստում էր, որ տեղի ունեցավ հանդիպումը, և սա շարունակական գործընթաց է»:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությանը, պատգամավորն ասաց, որ Հայաստանը մշտապես ունեցել է դիրքորոշում, որ հակամարտության հանգուցալուծումը պետք լինի խաղաղ. «Մենք երբեք պատերազմ չենք ուզել և չենք ուզում, մեր դիրքորոշումները, մեր հայտարարությունները մշտապես եղել են կառուցողական և խաղաղությանը միտված»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ խոսեց Արցախ այցելության մասին: Նրա խոսքով՝ այցը կարճատև էր, բայց շատ հագեցած էր. «Սա դե սկիզբն է, և հանդիպմանը, ինչպես Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն արձանագրեց, Արցախը քաղաքական հարթության մեջ Հայաստանի հետ երբևիցե չի ունեցել չլուծված խնդիրներ և, բնականաբար, անհրաժեշտ էր անկեղծ, ազնիվ, եղբայրական մթնոլորտում ունենալ ոչ միայն զրույցներ, այլ պլանավորել մեր գործողությունները, որոնք կհզորացնեն երկու պետությունների թե քաղաքական, թե ռազմաքաղաքական, թե արտաքին քաղաքական ընթացքը»:
Ռուբեն Ռուբինյանն էլ նկատեց, որ հանդիպումների կենտրոնական թեման արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացն էր:
«Գոհունակությամբ նշեմ, որ «Իմ քայլ» խմբակցության և Արցախի իշխանության միջև բանակցային գործընթացի փիլիսոփայության, մարտավարության և նպատակների շուրջ կա լիակատար փոխըմբռնում»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան-Ալիև հանդիպումից հավելյալ տեղեկատվության անհրաժեշտություն կա. Տոնոյան
- Փաշինյան. Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ ու պարտվողներ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին