Օպերային երգչուհի Լուսինե Մակարյանի իտալական և հայաստանյան բեմելը
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պայմանագրային երգչուհի Լուսինե Մակարյանն իր գործունեությունը սկսել է իտալական բեմում, այնուհետև ելույթ է ունեցել նաև հայկական բեմում։
Panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, թե ինչպես է եղել իր առաջին բեմելը Իտալիայում:
«Ամեն տարի Իտալիայում կայանում է «Ռոսինի» օպերային փառատոնը, որի մրցույթին մասնակցում են տարբեր երկրների երգիչներ: Նրանց թիվը կարող է հասնել 300-400-ի, բայց ընտրվում են 19 երգիչ: Մասնակցելով մրցույթին ինձ բախտ վիճակվեց լինել այդ 19 երջանիկներից մեկը: Դա իսկապես պարտավորեցնող էր և մեծ պատիվ՝ մասնակցել նման պրոֆեսիոնալ փառատոնի: Երկու շաբաթ վարպետության դասընթացից հետո հանդես եկա պրեմիերայով։ Առաջին բեմը, առաջին լուրջ դերը եղավ Իտալիայում»,- ասաց Լուսինեն։
Դրանից հետո 2018 թ. նոյեմբերին օպերային երգչուհին հրավեր է ստացել հանդես գալ ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերային ներկայացման մեջ:
«Առաջին անգամ հանդես գալ Մանոնի դերերգով, կարծում եմ, ամեն գեղարվեստական ղեկավար չէր կարող վստահել նորաթուխ երիտասարդ երգչուհու։ Բայց Օրբելյանը, վստահեց, որի համար շատ շնորհակալ եմ: Ես անչափ շնորհակալ եմ նաև իմ շատ սիրելի Ակսել Էվերաերթ, Քրիստոֆեր Օկասեկից և Իրինա Լիչագինայից, քանի որ եթե նրանք չլինեին, ապա դժվար թե կայանար իմ «Մանոն»-ը»,- նշեց օպերային երգչուհին։
Այնուհետև Լուսինե Մակարյանը «Ռոսինի» փառատոնի շրջանակում հրավեր է ստացել և ելույթ է ունեցել Օմանի «Ռոյալ օպերա հաուզում»։
Երիտասարդ երգչուհին վստահ է, որ օպերային թատրոնի հետ համագործակցությունը կշարունակվի, քանի որ Կ. Օրբելյանը շահագրգռված է երիտասարդներին օգնելու, աջակցելու հարցում. «Նախկինում թատրոնի խաղացանկում չկային այնպիսի օպերաներ, որտեղ 28-29 տարեկանում հանդես գայիր։ Չես կարող հանդես գալ «Տրուբադուր» օպերայում, Աիդայի դերը կատարել, երիտասարդ ես, քեզ պետք են ավելի թեթև օպերաներ, որը համապատասխանում է քո տարիքին։ Մենք ունեինք այդ խնդիրը։ Հիմա առաջին գործը, որ արվում է, երիտասարդներին օգնելու համար է, մեզ ընձեռվում է երգել օպերաներ, որտեղ մենք կարող ենք մեր հնարավորությունները ցույց տալ»։
Լուսինեի համոզմունք է՝ աշխատելու արդյունքում է գործը պտուղ տալիս։
«Արվեստում առաջինը համառ աշխատանքն ու նպատակասլացությունն է»,- ընդգծեց երիտասարդ երգչուհին, ով պատրաստվում է առաջիկա մրցույթներին ու փառատոներին։
Նա երազում է մի օր անպայման հանդես գալ «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերերգով, «Սիրո ըմպելիք» օպերայում՝ Ադինայի կերպարով։
Ինչ վերաբերում է թատրոնում առկա խնդիրներին, Լ. Մակարյանն ասաց, որ ամեն տեղ էլ լինում են, սակայն բոլորն էլ լուծելի են, կարևորը հարցին ընդհանուրի տեսանկյունից նայելն է, ոչ թե անձնական։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան