Երևանում մեկնարկել է միջազգային տնտեսական գիտաժողովը՝ առաջատար գիտնականների մասնակցությամբ
Այսօր «Կամար» բիզնես կենտրոնում մեկնարկել է միջազգային տնտեսական երկօրյա գիտաժողովը՝ տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորման թեմայով: Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել տնտեսության կայուն և արդյունավետ զարգացման հեռանկարը՝ քաղաքականության, տնտեսության և նորարարությունների պրիզմայի ներքո:
Միջազգային տնտեսական գիտաժողովն իրականացվում է Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ Կառավարության, ԱՏՁՄ-ի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Միջազգային տնտեսական համաժողովի գործընկերն է Ամերիաբանկը:
Ամերիաբանկից հայտնում են, որ տնտեսական գիտաժողովի պաշտոնական մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպական Միության արտակարգ և լիզազոր դեսպան, ԵՄ Պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը: Ներկա են եղել նաև ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, կառավարության, միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ հյուրեր:
Միջազգային տնտեսական գիտաժողովը համանախագահում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը և Կիելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Թոմաս Լուքսը: Թոմաս Լուքսը Գերմանիայի կառավարության խորհրդատու է, որը հայտնի է նաև տնտեսության զարգացման միտումների ճշգրիտ կանխատեսումներով:
Երկօրյա գիտաժողովի արդյունքում, դիտարկելով նաև Հայաստանի օրինակը, անվանի մասնագետները կքննարկեն տնտեսության զարգացման արդյունավետ ուղիները, այնուհետև համապատասխան ծրագիր կներկայացնեն կառավարությանը:
Գիտաժողովի շրջանակում դասախոսություն կկարդա Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեկ փորձագետ Դիդիեր Սորնետը: Տեսակապով գիտաժողովին կմիանա ֆիզիկոս Յանիիր Բար Յամը Բոստոնից, որը Ուոլլ Սթրիթի համար մոդելավորում է տնտեսությունը և Սպիտակ տան համար՝ քաղաքականությունը:
Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի համալսարանների ներկայացուցիչներ, գիտական աշխատողներ և փորձագետներ: