ԲԴԽ-ն մերժել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Ապրիլի 1-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասը:
Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանի 2019 թվականի մարտի 4-ի թիվ 59-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը, լսելով միջնորդության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաղորդումը, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները, որոշել են մերժել այն:
ԲԴԽ-ը հանգել է այն եզրակացության, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությամբ արձանագրված խախտումն առկա է, սակայն այն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չի կարող որակվել որպես ակնհայտ՝ նկատի ունենալով իրավական հիմքերի անկատարությունը և ոչ միասնական դատական պրակտիկան: