Կենդանաբանական այգու Բինգո անունով վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել
Նախորդ շաբաթվա սկզբում Կենդանաբանական այգու վագրերից Բինգո անունով առանձնյակի մոտ վատառողջ լինելու նշաններ կային: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր:
Այգու մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Կենդանաբույժի ձեռնարկած մասնագիտական միջամտությունից հետո վագրի մոտ դրսևորվեցին կազդուրման նշաններ: Սակայն ուրբաթ օրը խնամողները նրա քթից արնահոսություն նկատեցին:
Հրավիրվեց օն-լայն կոնսիլիում՝ Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի կենդանաբանական այգիների գլխավոր անասնաբույժների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվեց թմրեցնել կենդանուն, որպեսզի հնարավոր լինի սոնոգրաֆիայի եղանակով զննել նրան և վերցնել կենսաբանական նմուշներ՝ ախտորոշման և բուժման հետագա ընթացքը որոշելու համար:
Սոնոգրաֆիան ի հայտ բերեց, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց լեյկոզ:
Ախտորոշումից հետո կրկին հրավիրվեց օն-լայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխեման, իսկ առաջիկայում Հայաստան կժամանեն մեր գործընկերները` իրավիճակին տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար»։
Այգուց նաև հայտնում են, որ կենդանու տարիքը հստակ չէ. նրան Կենդանաբանական այգի են բերել 2010 թվականին՝ պոչն ամպուտացված վիճակում:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում