Չի կարելի այդպիսի հեղինակություններից գրիչի մի շարժումով ազատվել. ԲՀԿ-ական պատգամավոր
«Մշակութային ոլորտում տեղի ունեցող այս դեգրադացիոն գործընթացները մեզ համար բացարձակապես անընդունելի են»,- խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման հարցին։
«Ցանկացած հարցի լուծում կարելի է գտնել կոմպրոմիսային ձևաչափով, այդ արմատական որոշումը կայացնելուց առաջ կարելի էր երկարաձգել այն, մինչև իրավական լուծումներն այն խնդրի կարգավորման մասով գտնվեին»։
Նույն խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն էլ ասաց, որ այստեղ կա իրավական խնդիր, որի վերջնական գնահատականը իրավունք ունի տալ դատարանը, եթե աշխատանքից ազատված անձը դիմի դատարան։
«Բայց կա նաև երևույթի մեկ այլ կողմը՝ բավական է կրթության և մշակույթի ոլորտում ազատվել պրոֆեսիոնալներից ու չիմանալ, թե տեղում ովքեր են գալու։ Ես ուսումնասիրել եմ համապատասխան հրամանը և խնդրել եմ ինձ տրամադրել ակադեմիական թատրոնի կանոնադրությունը, որից միանշանակ պարզ կլինի, ազատումն օրինական է, թե ոչ։
Ազատման հիմքում իբր թե դրվել է այն փաստը, որ Օրբելյանը պաշտոնին նշանակվել է օրենքի խախտումով, կանոնադրությունն ուսումնասիրելուց հետո կտեսնենք, խախտում կա, թե ոչ։ Բայց այն, որ Օրբելյանը վայելել է կոլեկտիվի հարգանքը և մեծ հեղինակություն է, չի կարելի այդպիսի հեղինակություններից գրիչի մի շարժումով ազատվել։ Ազատողն էլ այն մարդն է, որը գալիս է ԱԺ, և ամենատարրական հարցերին, որոնց ինքն ի պաշտոնե պարտավոր է տիրապետել, բացարձակ տեղեկատվություն չունի։
Եվ այսպիսի անպատրաստ մարդիկ, որ նշանակվում են, գոնե պետք է իրենց պաշտոնավարման ընթացքում մի քիչ իրենց զուսպ պահեն։ Հարցնող լինի, ինքը որպես նախարար որքանով է բավարարում այդ ոլորտի ղեկավարին ներկայացվող պահանջները, նոր հետո անցնի իր ստորադասներին»,- ասաց պատգամավորը։
Պետրոսյանը հավելեց, որ ԲՀԿ-ն միշտ կարևորել է կադրային ճիշտ քաղաքականությունը և պետք չէ կադրային ջարդ կատարել՝ ելնելով անձնական նկատառումներից։
Հարակից հրապարակումներ`
- Մանրամասներ՝ վարչապետի և օպերային թատրոնի ներկայացուցիչների հանդիպումից
- Վիգեն Ստեփանյան. Ղարիբյանը մի քանի ախմախ հրաման ստորագրելով ավելի ճանաչելի է, քան որևէ արվեստագետ
- Մեր պայքարն անձի դեմ չէ, այլ համակարգի. Օպերային թատրոնի երգիչ
- Օպերայի և բալետի թատրոնի անձնակազմը կհավաքվի կառավարության մոտ
- «Մենք ենք տերը մեր օպերային թատրոնի»
- Հասմիկ Պապյանն օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չի ստացել
- Օպերային թատրոնի արտիստները բողոքի ակցիա կանցկացնեն
- Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին