Մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա մարտական գործողություններից. Գաբրիել Բալայան
««Եռաբլուր» զինվորական պանթեոնում եկել ենք հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան գործողությունների զոհերի հիշատակին, ևս մեկ անգամ վերաիմաստավորում է նրանց գործած սխրանքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի ու հայ ժողովրդի համար պարտավորեցնող է, որպեսզի որևէ գործողություն կատարելուց միշտ հիշեն այն սխրանքը, որը կատարել են զինծառայողները, կամավորականները ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում:
«Կարծում եմ՝ որոշակի առումով այս օրն ունի ամբողջ հայ ժողովրդին համախմբելու խորհուրդ, ևս մեկ անգամ պատրաստ լինելու ցանկացած զարգացման և դիմագրավելու այն մարտահրավերները, որոնք այսօր ունենք»,- ասաց Գաբրիել Բալայանը:
Դիտարկմանը՝ ապրիլյան պատերազմից հետո մարտահրավերները փոխվե՞լ են, փոխնախարարը նշեց, որ առիթ է ունեցել ասելու՝ մարտահրավերների փոփոխություն տեղի չի ունեցել. «Կարող է մի փոքր ավելի կամ նվազ լարվածություն լինել, բայց դա ոչ մի կերպ այսօր չի ազդում զինված ուժերի մարտունակության, պատրաստվածության և զգոնության վրա»:
Հարցին՝ ի՞նչ դասեր ենք քաղել, ինչքանո՞վ ենք պատրաստ պատերազմին, քանի որ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ հայկական զինանոցը «մերկ» է, Գաբրիել Բալայանը արձագանքեց. «Ես չեմ կարող կիսել կարծիքը, թե հայկական զինանոցը մերկ էր, որովհետև մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա մարտական գործողություններից, այլ կարողացել ենք ցույց տալ այն ոգու խիզախությունը, այն զենքի ճշգրտությունը, որը հայոց բանակը ուներ ու հիմա ունի: Վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացել ենք բավականաչափ լրացնել և մեր զինանոցը, և մարտական պատրաստության աստիճանը՝ բերելով շատ ավելի զգոն վիճակի»:
Փոխնախարարն ասաց՝ արդեն սկսել են այն փուլը, որ քանակականը փոխարինում են որակականով, այսինքն՝ ինչպես մարտական պատրաստվածության առումով, այնպես էլ սպառազինության ու ռազմամթերքի առումով որակական փոփոխություններ են կրել: