New York Times-ը հաղորդել է աշխարհում ամենաթանկ կտավի կորստի մասին
Լուվրի Աբու-Դաբիի մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրել է New York Times-ը։
Թերթի տվյալներով, 2018 թվականի սեպտեմբերին ԱՄԷ-ում Լուվրի մասնաճյուղը չեղյալ է համարել կտավի շնորհանդեսը «առանց պատճառները հայտնելու»։ Ընդ որում, Աբու-Դաբիի մշակույթի և տուրիզմի դեպարտամենտը հրաժարվել է պատասխանել հարցերի, սակայն ինչպես անանուն հայտնել են մասնաճյուղի աշխատակիցները, իրենք «կտավի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չունեն»։
New York Times-ի մեկ այլ աղբյուր հաղորդել է, որ Փարիզի Լուվրը ևս չի կարողացել ճշտել, թե որտեղ է «Աշխարհի փրկիչը»։ Ընդ որում, պաշտոնյաները հուսով են, որ նկարը շուտով կգտնեն, քանի որ նրանք ծրագրում են դա ներառել դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցադրության մեջ։
2017 թվականի նոյեմբերին կտավը մասնավոր հավաքածուի տիրոջն էր վաճառվել ռեկորդային՝ 450 միլիոն դոլար գնով։ New York Times-ի տվյալներով, կտավը ձեռք է բերել սաուդյան արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամմեդ բեն Ֆարհան Ալ Սաուդը։ Աբու-Դաբիի իշխանությունները ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից։ Աբու-Դաբիի Լուվրը, որը բացվել է 2017 թվականին, աշխարհում միակ թանգարանն է Ֆրանսիայի սահմաններից դուրս, որին թույլատրվել է օգտագործել Լուվրի օրիգինալ բրենդը։