«Գույնի ձևը. Վերածննդից ռոկոկո»
Ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է «Գույնի ձևը. Վերածննդից ռոկոկո» ցուցահանդեսը՝ 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից: Հայաստանի Ազգային պատկերասրահը ցուցահանդեսը կազմակեպում է Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ։
Ազգային պատկերասրահից տեղեկացնում են, որ ցուցադրությունը ներառում է ինչպես Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչների, այնպես էլ եվրոպական արվեստի հետագա փուլերի արվեստագետների աշխատանքները՝ 55 գեղանկար ու գծանկար: Կանալետտոյի, Տինտորետտոյի, Ռուբենսի, Պիետրո դա Կորտոնայի, Բեռնարդո Ստրոցցիի, Սոդոմայի, Ֆրանչեսկո Մաֆֆեիի, Գվերչինոյի, Բեռնինիի, Բատոնիի մեծարժեք գործերը հնարավորություն են տալիս հանդիսատեսին ավելի լայն պատկերացում կազմելու տարբեր դարաշրջանների իտալական գեղանկարի հարստության ու բազմազանության մասին:
Ցուցահանդեսում առավել ամբողջական ներկայացված է Վենետիկի գեղարվեստական դպրոցը: Յակոպո Տինտորետտոն առանձնանում է երփնագրային իր բացառիկ օժտվածությամբ: Գունային արտակարգ զգացողությունը հատուկ էր այս դպրոցի բազմաթիվ գեղանկարիչներին: Ցուցահանդեսում ներկայացված է Տինտորետտոյի վրձնին վերագրվող մի տղամարդու դիմանկար (մոտ. 1550 թ.): Սա ռենեսանսյան մարդու կատարյալ մարմնավորում է, անկախ, հզոր կամքի տեր անհատականության պատկեր:
17-րդ դարը՝ բարոկկոյի և կարավաջջիզմի ժամանակաշրջանը, ներկայացված է նշանավոր վարպետների, այդ թվում՝ Բեռնինիի, Գվերչինոյի, Ստրոցցիի գործերով: Այս նկարիչների հորինվածքներում հստակ դրսևորվում են հակադրումները, իռացիոնալությունն ու ընդհանրացումները, դեկորատիվ միասնությունը, որոնք բնորոշ են գեղարվեստական այդ ուղղությանը:
18-րդ դարում Վենետիկը ծաղկման նոր փուլ ապրեց, դարձավ Եվրոպայի ստեղծագործ կյանքի կարևոր կենտրոն: Դա են վկայում նաև վառ գունագեղությամբ, դեկորատիվությամբ, ժանրերի բազմազանությամբ աչքի ընկնող արվեստի երկերը: Վենետիկում ձևավորվեց քաղաքային բնանկարի յուրահատուկ տեսակ՝ «վեդուտան», որն անգերազանցելի կերպով դրսևորվել է Անտոնիո Կանալետտոյի արվեստում: Նա վերարտադրել է Վենետիկի անկրկնելի միջավայրը, քաղաքի առօրյան ու տոնական պատկերները:
Ցուցադրվող մի շարք ստեղծագործություններ նվիրված են իտալական արվեստի ամենասիրված թեմաներից մեկին՝ Աստվածամոր պատկերին: Ֆրանչեսկո Կապելլան, Նիկոլա Գրասսին, Բարտոլոմեո Ռամենգին ստեղծել են կտավներ, որոնք արտացոլում են ժամանակի միտումներն ու ճաշակը. նրբագեղությամբ տոգորված մանիերիզմից մինչև ակադեմիստական ոճի անվրդով նուրբ կերպարներ:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 15-ը։