Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ։
«Երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ: Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարը, ինչպես նաև ուժի չկիրառման պարտավորությունը, որն այն ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում:
Ուժի կիրառումն ուղեկցվեց թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սարսափելի վայրագություններով: Դրանք նույնությամբ կրկնում էին 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված կոտորածները և էթնիկ զտումները:
Այս անգամ խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված առավել լայնածավալ բռնությունների անմիջական սպառնալիքը կանխվեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: Հայ զինվորականներն ու կամավորականներն իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ազատ ապրելու և արարելու պայքարի զոհասեղանին:
Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի կարգավիճակը և անվտանգությունը ցանկացած արդյունավետ բանակցությունների բովանդակության անփոխարինելի տարրերն են` ուղղված Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովմանը:
Ուժի չկիրառումը կամ կիրառման սպառնալիքի բացառումը, հրադադարի խստիվ պահպանումը, ռիսկերի նվազեցման և վստահության ամրապնդման միջոցառումների ներդնումն էական նշանություն ունեն խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորման գործում:
Ապրիլյան ագրեսիայի պատճառով հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի»,- ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին