Սասուն Մկրտչյանի մայր. Մեր որդիների արյամբ սրբացած հողը չպետք է զիջել
Արցախում նախահարձակ թշնամուն դեմ դիմաց դուրս եկած զինվորներն իրենց կյանքի գնով պահեցին հայրենիքի սահմանները։ Նրանց շատերը հիշում են անուն առ անուն։
Երեք տարի առաջ այս օրերին Արցախի տարբեր հատվածներում թեժ մարտեր էին։ Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում մարտում հերոսաբար ընածների հարազատներն էին, ընկերները, մարտական ընկերները, եղբայրները, պաշտոնյաներ ու քաղաքացիներ։
«Կարոտն ավելի է խորանում։ Չես դիմանում։ Ներսից կարոտը քեզ քայքայում է։ Ձայնն անընդհատ ականջներումս է, իր ժպիտն անընդհատ զգում եմ»,-պանթեոնում ասաց Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստը։
Նա հիմնադրել է «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամ»-ը։ Այն Եռաբլուրում միջոցառում էր կազմակերպել՝ զինվորական պատվո պահակախմբի մասնակցությամբ։
Նա ողջունում է խաղաղությունը։ Ասում է՝ պատերազմ չեն ուզում, նոր զոհեր չեն ուզում։
Թալիշում զոհված պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյանի մայրն ասում է՝ հարգում է տղայի՝ մինչև վերջին պահելը կռվելու որոշումը, այլ բան չէր էլ սպասում որդուց։
«Հպարտանում եմ իրենով։ Շատ կուզեի, որ մեր կողքին լիներ։ Նա մեզ շատ սիրելով գնաց այդ քայլին»,-ասում է Նարինե Կիրակոսյանը։
Մայրը խոստովանում է, Սասունի խրոխտ, այդքան խիզախ լինելու մասին իմացավ, երբ որդին իր հետ չէր, նա որդուն ճանաչում էր որպես լավ, ազնիվ ու անչափ բարի մարդ։ Ու քանի որ Սասունի մայրն է՝ որոշել է, ցավն արժանապատիվ տանել։
«Երբեք չէի պատկերացնի, որ պատրաստ է նման կռվի։ Բայց դե սասունցիների տանն է ծնվել ու մեծացել։ Բայց ծնող եմ, չէի ուզում, չէի պատկերացնում»,-նշում է նա։
Սասունի մայրն ասում է՝ ոչ մի վայրկյան մենակ չեն եղել, միշտ կողքին ցավը կիսողներ են եղել։ 2016-ի սեպտեմբերի 21-ին էլ մեծ ընտանիքում լույս աշխարհ է եկել նոր Սասուն։ Քրոջ որդուն այդպես են անվանակոչել։
«Նա մեղմում է մեր ցավը։ Մենք նրանով սկսեցինք ապրել։ Նա մեզ ուժ է տալիս»,-ասում է Նարինե Կիրակոսյանը։
Նա հետևում է բանակի արդիականացմանը, ուրախանում հզորացմամբ, փայլուն տղաներով։ Չի ուզում, որ պատերազմը կրկնվի։
«Բայց մենք զիջելու հող չունենք։ Շատ ուրախ կլինեմ, որ հարցը ուրիշ ճանապարհով լուծվի։ Թուրքը պետք է հասկանա, որ ոչ մի թիզ հող չի կարող հենց այնպես վերցնել։ Այնտեղ մեր տղաների արյունն է, այդ հողը սուրբ է մեզ համար։ Ամեն դեպքում ոչ մի պատերազմ թող չլինի, ոչ մի ծնող նման կորուստ թող չունենա»,-ցանկությունը կրկնում է Սասունի մայրը։
Հարակից հրապարակումներ`
- Կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
- Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքին
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Նորածին Սասունին հերոս քեռու՝ Սասուն Մկրտչյանի անունով են կոչել
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին