«Հայաստանի Հանրապետություն». Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր հույսը մեզ վրա պետք է դնենք
Այսօր ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում դեռ, կարելի է ասել, տեղապտույտի փուլում ենք: Վիեննայում նախօրեին տեղի ունեցած հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջեւ, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայությամբ, ցույց տվեցին, որ բանակցություններ դասական իմաստով չկան, որովհետեւ ադրբեջանական կողմը դեռ չի կատարել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտնի պարտավորվածությունները: Այս իրավիճակը գլխավորապես հետեւանքն է Ապրիլյան քառօրյա պատերազմի, որի սանձազերծողը հենց ադրբեջանական կողմն էր:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա- ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցնեւով՝ հակառակորդը հույս ուներ կայծակնային պատերազմի տարրերով անակնկալի բերել հայկական կողմին՝ զինված ճանապարհով լուծելով կոնֆլիկտը:
Չորս օր տեւած կենաց ու մահու կռվի հիմնական եզրահանգումն այն էր, որ խնդիրը, ի հեճուկս Բաքվի եւ նրա հովանավորների, ռազմական լուծում չունի: Չունի, առաջին հերթին, շնորհիվ այն հզոր ոգու եւ անձնազոհության, որ ցուցաբերեցին հայ զինվորները, շնորհիվ այն միասնականության, որ հորդաց Արցախի ու Հայաստանի սահմաններից դուրս ու հասավ աշխարհի բոլոր հայկական համայնքներ: Միլիարդներ ծախսած եւ իր սպառազինությամբ հպարտացող ու հոխորտացող հակառակորդի ատամները փշրվեցին հայոց աներեր կամքի առջեւ: Տալով մի քանի անգամ շատ զոհեր ու զինտեխնիկայի կորուստներ, ստիպված էին խնդրել Ռուսաստանի միջնորդությունը ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Երեք տարվա ընթացքում արվել են հետեւություններ, համապատասխան քայլեր' առաջնագիծն ամրապնդելու եւ կահավորելու ուղղությամբ: Իսկ գլխավոր հետեւությունն այն է, որ խաղաղության տանողճանապարհը խարսխված է մեր մարտունակության ու միասնականության վրա. կշարժվենք այս տրամաբանությամբ, հաջողության կհասնենք: Ասվածի վկայությունը հակառակորդ կողմի ոչ ադեկվատ արձագանքներն են մեր քայլերին:
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ