Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունը հայկական կողմը փոխել է
Կառավարության պաշտոնական էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունը խմբագրված է։
Նշենք, որ երեկ տարածած հաղորդագրության մեջ ասված էր.
«ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին։ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր»։
Սա ֆեյսբուքյան որոշ օգտատերեր կողմից քննադատության արժանացավ, Փաշինյանին մեղադրեցին Պուտինին հաշվետու լինելու, «ատչյոտ» տալու համար։
Այսօր արդեն տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ ձևակերպումը չկա։
«Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները: Զրուցակիցները անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի»,-ասված է խմբագրված տեքստում։
Ուշագրավ է, որ հաղորդագրության առաջին տարբերակը համընկնում է ՌԴ նախագահի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվությանը։ Այնտեղ էլ նշվում է, որ Փաշինյանը տեղյակ է պահել Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին։
Ու քանի որ կառավարությունում խմբագրելու սովորություն ունեն, տեղադրում ենք հաղորդագրության այսօրվա տեսքի լուսանկարը, ինչպես նաև Կրեմլի պաշտոնական էջում հրապարակվածը։