«Դպրոցների ֆիզիկական վիճակը լրջագույն խնդիր է». քննարկում
«Գյուղական համայնքների դպրոցների գույքագրման ցուցակներ ունենք մի շարք խնդիրներով, որոնցից ամենամեծն այս պահին սեյսմակայունության հետ կապված խնդիրներն են»,- «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա հայտնեց, որ Ասիական զարգացման բանկի ծրագրով վերանորոգվող դպրոցների շրջանակներում ավելի քան 400 դպրոց այս պահին լրջագույն խնդիր ունի։
«Դպրոցների ֆիզիկական վիճակը մեզ համար լրջագույն խնդիր է։ Լուծումներ են մշակվում, նախկինում էլ են մշակվել, հիմա մենք պետք է անցենք դրանց իմպլեմենտացիային, տեղայնացմանը և ներդրմանը և դրանցից ամենակարևրոը նախ լրացուցիչ միջոցներ գտնել դպրոցների ֆիզիկական վիճակը բարելավելու համար»,- ասաց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է բովանդակային խնդիրներին՝ նա նշեց, որ ծրագրեր են մշակում բազմահամակազմ դասարանների մեթոդաբանության ներդրման համար, որպեսզի կրթական ծառայության մատուցումն ավելի արդյունավետ լինի։
«Այլ ծրագրեր էլ ունենք մասնավորապես խուսափելու երկհամակազմ դասարաններից և միավորելու միևնույն տարիքի հարևան գյուղերում գտնվող դասարանները, որպեսզի արդյունքն ավելացնենք, բնականաբար այստեղ տրանսպորտի խնդիր է առաջանում։ Նշված խնիրները կապված են և տարածքների անհամաչափ զարգացման հետ, և այն կրթական ծրագրերի, որոնք մշակվել են, անվերջ քննարկվել են և չեն ներդրվել կամ թերի են ներդրվել։ Հիմա սա ժառանգություն է, որին առերեսվել ենք, ընդունել ենք և պետք է փոփոխություններ ներկայացնենք»,- նշեց նախարարը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ Ասիական զարգացման բանկի օգնությամբ մենք փորձում են իրականացնել Հայաստանում սեյսմիկ վտանգավորության հատվածում գտնվող դպրոցների վերակառուցումը։
«Նախնական նպատակը եղել է դրանց հիմնանորոգումը, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դպրոցների մեծ մասն ամբողջապես պետք է քանդել և նորից սկսել։ Սա է պատճառը, որ նախնական թվաքանակը գուցե մի փոքր փոփոխվի։ Այս պահին կառավարության կողմից հաստատվել է 46 դպրոցի ծրագիր, որոնցից մեկը Արմավիրի մարզի Պտղունք համայնքում գտվող դպրոցն է։ Այս տարի մենք նախատեսում ենք շուրջ 31 դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկ, ընթանում է 7 դպրոցի շինարարություն, որոնց մի մասը տարվա երկրորդ կեսին շահագործման կհանձնվի։ Նշվեց թվով 400 դպրոցների մասին, բայց առաջիկա մի քանի տարվա համար մեր ֆինանսավորումը դրանց ընդամենը 1/5-ի համար է նախատեսված, մնացածի համար մենք պետք է թե միջազգային գործընկերների, թե պետական միջոցների ներգրավվման միջոցով փորձենք լուծել»,- ներկայացրեց Պապիկյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար կառավարության կողմից միայն դպրոցների ջեռուցման, վերանորոգման, տանիքների փոխման, տարբեր աշխատանքների համար տրամադրվել է 660 մլն դրամ։
«Մենք տարիներ շարունակ լսել ենք, որ կրթությունը կարևոր է, բայց դրա ռեալ իրականացման քայլերը չենք տեսել, խնդիրներն այնքան շատ են ու այնքան կուտակված, որ դրանք մեկ օրվա, մեկ տարվա լուծման հարց չեն։ Բայց մենք արդեն տեսնում ենք սկիզբը, ծրագրերը, որոնք միտված են դրանք իրականացնելուն։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ դպրոցը գյուղի բաբախող սիրտն է։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր գյուղ պետք է ունենա իր դպրոցը, և այն պետք է կրթի միգուցե ավելի շատ՝ ծնողներին»,- նշեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ յուրաքանչյուր գործարար իր պարտքն է համարել եկեղեցիներ կառուցել, ինչը վատ չէ, բայց շատ լավ կլիներ, եթե ներդրվեր «Մեկ գործարար՝ մեկ դպրոց» ծրագիր, որպեսզի մարդիկ կամավոր դպրոցներ կառուցեն կամ վերանորոգեն. «Միայն կառավարությունից պահանջելով՝ կարող է տարիներ տևել։ Իսկ մեր հավաքական ուժը շատ ավելի արդյունավետ կարող է լինել»։
Հովհաննիսյանը նաև առաջարկեց, որ պատգամավորներն, իրենց աշխատավարձից միջոցներ հատկացնելով, նպաստեն մեկ-երկու դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղական փոքր դպրոցները կրթամշակութային կենտրոնների պետք է վերածել. նախարար
- Կյանքը, երբ դպրոցի միակ առաջին դասարանցին ես
- «Կրթության» ենիչերիները
- Երբ առաջին զանգը հնչում է մեկ աշակերտի համար
- Հիմնանորոգման աշխատանքների վերջը երևում է. Վ. Պետրոսյանի անվան դպրոցի տնօրեն
- Սահմանամեձ Բերքաբերը մեկ առաջին դասարանցի ունի
- «Դպրոցը կամաց-կամաց պրծնում է». Սյունիքում 10 դպրոց առաջին դասարան չունի
- Գյուղական դպրոցները մեր երկրի ամրությունն են. ԿԳ նախարար
- Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
- Ընդամենը 1 առաջին դասարանցի Դաշտադեմում. Լոռու ծերացող գյուղերը
- Այգեպարի միջնակարգ դպրոց է հաճախել երեք առաջին դասարանցի (լուսանկարներ)
- Գյուղական դպրոցների մասին պատմությունների շարքն՝ առանց մեկնաբանության, «խոսող» լուսանկարներով
- Ծերացող Չինարին (լուսանկարներ, տեսանյութ)