Հայաստանի դպրոցները շատ քիչ համակարգիչներ են ստացել. կրթության փորձագետ
«Տնօրենից, ուսուցչից, աշակերտից, գյուղապետից սկսած բոլորը նախ իրենց ներսում պիտի փոփոխություն անեն։ Միայն կառավարության միջոցով բոլոր խնդիրները չեն լուծվում, այդ խնդիրներին անհրաժեշտ է համատեղ լուծում»,- «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Աճարկուտի դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը։
Կոնկրետ Աճարկուտի դպրոցին անդրադառնալով, տնօրենն ասաց, որ իրենց դպրոցը խնդիրներ ունի դեռևս 1971 թվականից սկսած․ «Դպրոցը կառուցվել է, որպես տիպիկ հանրակրթական դպրոց, այն կառուցվել է անտառտնտեսության կողմից և գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, դրա հետ կապված խնդիր ունենք հանրակրթական լիցենզիա ստանալու գործում»։
Նա նաև նշեց, որ գյուղում տրանսպորտային խնդիր ունեն, աշակերտները միջնակարգ դպրոց հասնելու համար դժվարությունների են բախվում, բացի այդ, ըստ Վարդումյանի, հեռու գյուղերում կա նաև լավ մասնագետների սղություն։
Քննարկմանը ներկա կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ առկա խնդիրներից առանձնացրեց համակարգիչների հարցը։
«Հայաստանի դպրոցները շատ քիչ համակարգիչներ են ստացել։ Այսօր ունենք գյուղերի դպրոցներ, որտեղ կա 3 համակարգիչ՝ 2008 թվականի արտադրության։ Դրանցից մեկը տնօրենի սենյակում է, մի երկուսը՝ հին օպերացիոն համակարգով են աշխատում։ Շատ համակարգիչներ ամիսներով նորոգող չի լինում։ Ինֆորմատիկա առարկայի դասավանդումն այսօր ձախողված է։ Գույքի խնդիրը ևս լուրջ է, լաբորատորիաների մասին էլ չեմ խոսում», - ասաց բանախոսը։
Ինչ վերաբերում է երկհամակցված դասարաններին՝ փորձագետն ասաց, որ որոշ դպրոցներում 2-րդ և 9-րդ դասարանցիները մեկ դասասենյակում միասին նստած՝ դաս են անում:
«Կան գյուղական դպրոցներ, որտեղ 90 տոկոսով հարևան գյուղերից եկած ուսուցիչներ են աշխատում։ Ընդ որում, նրանք աշխատանքի գալիս են ամենաֆանտաստիկ ձևով՝ օրինակ՝ հացի մեքենայի վարորդի հետ, որը նրանց կես ճանապարհին իջեցնում է, և մանկավարժն աշխատավայր հասնում է ոտքով։ Ժողովուրդը հնարամտություններ է գործադրում, օրինակ՝ ուսուցչի մասնագիտությամբ հարս են բերում, որ իրենց գյուղն ուսուցիչ ունենա», - ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Դպրոցների ֆիզիկական վիճակը լրջագույն խնդիր է». քննարկում
- Գյուղական փոքր դպրոցները կրթամշակութային կենտրոնների պետք է վերածել. նախարար
- Կյանքը, երբ դպրոցի միակ առաջին դասարանցին ես
- «Կրթության» ենիչերիները
- Երբ առաջին զանգը հնչում է մեկ աշակերտի համար
- Հիմնանորոգման աշխատանքների վերջը երևում է. Վ. Պետրոսյանի անվան դպրոցի տնօրեն
- Սահմանամեձ Բերքաբերը մեկ առաջին դասարանցի ունի
- «Դպրոցը կամաց-կամաց պրծնում է». Սյունիքում 10 դպրոց առաջին դասարան չունի
- Գյուղական դպրոցները մեր երկրի ամրությունն են. ԿԳ նախարար
- Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
- Ընդամենը 1 առաջին դասարանցի Դաշտադեմում. Լոռու ծերացող գյուղերը
- Այգեպարի միջնակարգ դպրոց է հաճախել երեք առաջին դասարանցի (լուսանկարներ)
- Գյուղական դպրոցների մասին պատմությունների շարքն՝ առանց մեկնաբանության, «խոսող» լուսանկարներով
- Ծերացող Չինարին (լուսանկարներ, տեսանյութ)