Կաշառք փոխանցած փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացվել
Հատուկ քննչական ծառայությունը դատավորին կաշառք փոխանցած փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացրել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Ոստիկանությունից հետաքրքրվեցի՞նք, արդյոք ստացել են ծառայությունից ձերբակալման որոշումը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ Պատասխանեցին, որոշման կատարման ընթացքի մասին տեղյակ կպահեն քննչական մարմնին։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է երեկ կալանավորված դատավոր Գ. Հեբոյանին 2 500 դոլար կաշառք փոխանցած փաստաբանին։ Չնայած իրավապահները չեն բարձրաձայնում նրա անունը, բայց մամուլը գրեց, խոսքը Վահագն Դանիելյանի մասին է։
Եվ քանի որ փաստաբանի նկատմամբ խափանման որևէ միջոց չէր ընտրվել, չի բացառվում, որ նա արդեն հասցրել է դուրս գալ երկրից, իսկ ոստիկանությունն էլ ստիպված լինի հետախուզում հայտարարել։
Ըստ դատավորին առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.400.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.715.000 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար կաշառք:
Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գ. Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին:
30.03.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Գ. Հեբոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Գ. Հեբոյանը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն մանրամասներ հրապարակեց առողջապահության փոխնախարարի ձերբակալությունից
- Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է
- ԱԱԾ. Դատավոր է ձերբակալվել