Ալժիրում տոնում են Բուտեֆլիկայի հրաժարականը
20 տարի երկիրը ղեկավարելուց հետո Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնի դառնալուց հետո հազարավոր ալժիրցիներ դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ։ Ալժիրի կենտրոնում հավաքված մարդիկ ազգային դրոշներով են։
«Մենք դրան սպասում էինք, համարում ենք, որ ազգի մեծ հաղթանակն է»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել են ալժիրցիները։
Ավելի վաղ Բուտեֆլիկան տեղեկացրել էր Սահմանադրական խորհրդին երկրի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Առաջիկայում կկայանա Սահմանադրական խորհրդի նիստ Բուտեֆլիկայի հրաժարականը քննարկելու համար։
Ալժիրի 82-ամյա նախագահը երկիրը ղեկավարում է 1999 թվականից։ Նա որոշում էր կայացրել հինգերերոդ անգամ մասնակցել ընտրություններին, սակայն նրա այդ որոշման դեմ փետրվարի 22-ից երկրում սկսվել էին բողոքի ակցիաներ։ Նա նաև առողջական լուրջ խնդիրներ ունի։