ԵԽ զեկույց. Հայաստանում ազատազրկվածների թիվը նվազել է
Եվրոպայի խորհուրդը հրապարակել է Եվրոպայում 2018-ի տարեկան քրեական վիճակագրությունը, որում նշվում է, որ ազատազրկումների թիվը 2016-ի հետ համեմատ նվազել է 6,6 տոկոսով՝ 109.7-ից իջնելով 102.5՝ 100 հազար բնակչի հաշվարկով։
Հայաստանում ևս, ըստ վերլուծության, ազատազրկումը, կալանավորումը 8.7 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ։ Մյուս կողմից ազատազրկումն ամենամեծ աճ է գրանցել Իսլանդիայում՝ + 25,4 տոկոս։
Ընդհանուր առմամբ, Եվրոպայում նախնական կալանքի տակ գտնվողները կազմում են բանտարկյալների 22.4 տոկոսը։ Նախնական կալանքի տակ գտնվողների ամենամեծ մասնաբաժինը Նիդերլանդներում է՝ 40.5 տոկոս, Դանիայում (40.5%), Շվեյցարիայում (39.3%), Հայաստանում (36.7%), Իտալիայում (34.5%)։ Կալանավայրերում գտնվողներից նախնական կալանքի ամենացածր համամասնությունը Չեխիայում է (8.2%), Հյուսիսային Մակեդոնիայում (8.4%), Ռումինիայում (8.6%)։
Հայաստանում, նախորդ զեկույցի համեմատ, նվազել է նաև կալանավայրերում բանտարկյալների թիվը 9.5 տոկոսով։ Իսկ ահա ամենաշատն աճել է Իսլանդիայում՝ 31.5 տոկոսով։
Հայաստանում քրեակատարողական հիմնարկների ընդհանուր կարողությունը 5.351 է, ինչը հանգեցնում է 66.1 բանտային խտության, ինչը զգալիորեն ցածր է եվրոպական միջին մակարդակից: Ընդ որում, Հայաստանում բանտային խտությունը նվազել է 2016-ից՝ 72.0-ից իջնելով 66.1-ի: Մեկ բանտախցում դատապարտվածների միջին թիվը 2016-ից իջել է 4.9-ից մինչև 3.6՝ 2017թ.-ին։
Հայաստանում կալանավորված կանանց թիվը կազմում է ընդհանուր բանտարկյալների 3.5 տոկոսը, ինչը ևս ցածր է եվրոպական միջինից (5.0):
Հայաստանում կալանավայրի վարչակազմի կողմից ծախսված ընդհանուր բյուջեն 2017 թվականին կազմել է 15,02 մլն եվրո, ինչը հիմնականում նույնն է 2016 թ. համեմատ: Ամենաշատ գումարը կալանավայրերի վարչակազմերի կողմից ծախսել է Ռուսաստանը՝ 3.9մլրդ եվրո, Գերմանիան՝ 3.1մլրդ եվրո։
Մեկ կալանավորի միջին օրական ծախսը կազմել է 11.4 եվրո, որը զգալիորեն ցածր է եվրոպական միջինից՝ 66.5 եվրո, և նույնական է 2016 թվականին ծախսված գումարի հետ:
Հայաստանում 2223 դատապարտվածների մեծամասնությունը (42,2%) ազատազրկվել է 5-ից մինչև 10 տարի ժամկետով: Այս թիվը ևս նույնն է մնացել 2016 թ .-ի հետ համեմատ: