Նիկոլ Փաշինյանը որպես վկա հարցաքննվում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում որպես վկա, հարցաքննվում է։
Նա վկայի կարգավիճակ ունի «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի և Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով:
Մեղադրական եզրակացության համաձայն. «Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ մարտի 31-ին ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարանք դրսևորելով հասարակության նկատմամբ , «ԵԼՔ, դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ»:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասաց, որ ոչ մի խնդիր չի տեսնում, բոլոր հարցերին ամենայն մանրամասնությամբ կպատասխանի։
«Դատարանից թաքցնելու որևէ բան չունեմ, պատրաստ եմ բոլոր հարցերին հնարավոր առավել մանրամասնությամբ պատասխանել», - նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ճանաչում է Հայկ Սարգսյանին, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենց նախընտրական շտաբի պետն է եղել։
Նա նշեց, որ 2017-ի նախընտրական քարոզարշավի վերջին օրը ինքը տանն է եղել, երեկոյան իրեն զանգել է Ալեն Սիմոնյանն ու ասել, որ Հայկենց վրա հարձակում է տեղի ունեցել։
«Փորձեցի Հայկին զանգել, չպատասխանեց, հետո, եթե չեմ սխալվում, Ալենի միջոցով ասեցի՝ թող ինձ զանգեն, ով կա դեպքի վայրում։ Զանգեցին ու ասացին, որ միջադեպ է եղել, ես ասացի արագ տարածքից հեռացեք ու եկեք նախընտրական շտաբ։ Մտածում էի՝ հնարավոր է շատ ավելի մեծ մասշտաբի ինչ-որ բան է, ցանկացա, որպեսզի մեր ժողովուրդն այդտեղից դուրս գա։
Անմիջապես տանից դուրս եկա, գնացի նախընտրական շտաբ»,- պատմեց Ն. Փաշինյանը։
Շտաբում նրան պատմել են, որ երբ շենքից իջել են, տեսել են, որ մեքենայի վրա ամրացված դրոշը չկա, հետաքրքրվել են, թե ուր է դրոշը, ով է տարել, մի քանի քաղաքացիներ են եղել այդտեղ կանգնած ու նրանցից մեկն ասել է՝ ինքն է տարել։ Ն. Փաշինյանի ներկայացմամբ, իրենց տղաները պահանջել են դրոշը, այնուհետև խոսակցություն է եղել:
«Դրոշը տանող քաղաքացիներից մեկը կամ քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին։ Բնականաբար, մեր ժողովուդրը միջամտել է։ Այդ պրոցեսի ընթացքում այդ անձը հանել է զենքը ու պահել Հայկի վրա, ու հենց այդ պահին ներկաներից մեկն արագ արձագանքել է, խփել է նրա ձեռին, զենքն ընկել է։ Միջադեպից հետո հեռացել են վայրից։ Երբ ես իմացել եմ, որ զենքն իրենց մոտ է, ասել եմ՝ ցույց տվեք, ես զենքը վերցրել եմ, առանց դիպչելու, անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն, հետո ֆեյսբուքյան ուղիղ եթեր եմ մտել ու ցուցադրել եմ զենքը, ներկայացրել, թե ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ։ Դրանից հետո պատմել եմ այն, ինչ փոխանցել են», - պատմեց Ն. Փաշինյանը։
Շարունակելով իր խոսքով, նա նշեց. «Եթե չեմ սխալվում՝ ոստիկանությունը ոնց-որ այդպես էլ չեկավ Տերյան հասցե, ես ինքս գնացի դեպքի վայր, հետագայում Մալաթիա-Սեբաստիա ոստիկանության բաժին ու եթե չեմ սխալվում, այնտեղ եմ զենքը հանձնել ոստիկանությունը»։
Ա. Այվազյանն ասաց, որ այս գործի շրջանակներում ձեռնպահ է մնում վկային և վարչապետին հարցեր տալուց։