Եվս 2 կին Ջո Բայդենին մեղադրում են ոտնձգությունների մեջ
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին ևս 2 կին մեղադրում են ոտնձգությունների մեջ։ Ինչպես գրում է The New York Times-ը, Բայդենի վերադարձը վտանգված է#MeToo (Ես նույնպես) դարաշրջանում։
Հաղորդվում է, որ մեղադրանքներից մեկը ներկայացրել է 22-ամյա Քեյթլին Կարուսոն։ Նրա խոսքերով, երբ ինքը 19 տարեկան էր, Բայդենը սեռական բռնությունների դեմ պայքարին նվիրված միջոցառման ժամանակ ձեռքը դրել է իր ազդրին, ինչը «շատ երկար» է տևել։
Մեկ այլ մեղադրանք առաջադրել է գրող Ջ.Ջ. Հիլլը, որը հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2012թ.-ին, երբ ինքն ու ամուսինը որոշել են նկարվել Բայդենի հետ միջոցառման ժամանակ։ Գրողի խոսքերով, Բայդենը ձեռքը դրել է իր ուսին, ապա իջեցրել այն մեջքի վրա, ինչն իր մոտ «շատ անհարմար» զգացում է առաջացրել։
Ավելի վաղ 43-ամյա Էմի Լապոսը հայտարարել էր, որ 2009թ.-ին նախկին փոխնախագահը շոշափել է իր մեջքը։
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը համարվում է 2020թ.-ի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության առաջատարներից։