ՊԳԿ. Աշխարհում 113 մլն մարդ ապրում է սովի ճիրաններում
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, աշխարհի 53 երկրներից 113 մլն մարդ շարունակում է քաղցած ապրել։ Զեկույցը ներկայացվել է երեկ Բրյուսելում։
Ընդ որում, սովի ճիրաններում գտնվողների 2/3-ը ապրում են ութ երկրներում՝ Աֆղանստանում, Կոնգոյում, Յեմենում, Նիգերիայում, Սիրիայում, Սուդանում, Հարավային Սուդանում, Եթովպիայում։ ՊԳԿ փորձագետները նշել են, որ 17 երկրներ, որոնց թվում են Վենեսուելան ու Հյուսիսային Կորեան, չեն ընդգրկվել զեկույցում տվյալների բացակայության պատճառով։
«Այս ճգնաժամը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրներից մեկը, որի լուծումը պահանջում է համատեղ ջանքեր։ ԵՄ-ն նախատեսում է ընդլայնել իր հումանիտար գործողությունները»,-ասել է ԵՄ հումանիտար օգնության ու հակաճգնաժամային միջոցառումների գծով հանձնակատարը։
Զեկույցի տվյալների համաձայն, 2017-ի համեմատ 2018-ին քաղցած բնակչության թիվը նվազել է։ Եթե 2017-ին նրանց թիվը կազմում էր 124 մլն մարդ, ապա նախորդ տարի նրանց թիվը նվազել է 11 մլն-ով։
«Չնայած նվազմանը, սննդի անբավարարություն ունեցողների թիվը շարունակում է մնալ բարձր»,-ասել է ՊԳԿ-ի ղեկավարը։
Մասնագետները եկել են եզրակացության, որ սննդի անբավարարության պատճառներից են նաև կլիմայի փոփոխությունն ու բնական աղետները։ Երաշտի, փոթորիկների ու ջրհեղեղների պատճառով 28 մլն մարդ հայտնվեց սովյալների թվում։
Զեկույցի ներկայացման ժամանակ փաստել են, որ խնդրին վերջ տալու համար պետք է վերացնեն այն ծնող պատճառները՝ հակամարտությունները, անկայունությունը, կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը։
«Աղջիկներն ու տղաները պետք է լավ սնվեն, ստանան լավ կրթություն։ Կանայք պետք է ունենան մեծ հնարավորություններ։ «Զրո քաղցածություն» նպատակին հասնելու համար պետք է ամրապնդել գյուղատնտեսական ենթակառուցվածքները»,-ասել է Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեվիդ Բիսլին։
Հարակից հրապարակումներ`
- Յունիսեֆ. Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ երեխան թերսնուցման խնդիր ունի
- Սոմալիում սոված երեխաների թիվը շուտով կհասնի 1,4 միլիոնի
- Սաուդյան Արաբիայում տղամարդկանց թույլատրել են սոված ժամանակ ուտել իրենց կանանց
- «Երեխեքը սոված են, հերը յոթ ամիս է` նստած է». Արթիկցու գործով վկաները խոպանից չեն գալիս դատարան
- Թերսնված, թերքաշ ու թերաճ երեխաներ. Ի՞նչ է արվում, ի՞նչ պետք է անել