Կաշառք վերցրած առողջապահության փոխնախարարը կալանավորվել է
Առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը կալանավորվել է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք, որ քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ:
Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Փոխնախարարին առաջադրվել է մեղադրանք պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով, պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հաջորդ մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը վերաբերում է բուժհաստատության տնօրենին, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: Ըստ մամուլի տեղեկությունների, կաշառք տալու մեջ մեղադրվում է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռ. Աբրահամյանը։
ԱԱԾ-ից ավելի վաղ հայտնել էին, որ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հիշյալ բնագավառում հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն մանրամասներ հրապարակեց առողջապահության փոխնախարարի ձերբակալությունից
- ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության նախարարի տեղակալին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում