Գարեգին Բ-ն Համայն Ռուսիո պատրիարքին խնդրել է միջնորդել Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում
Մոսկվայում Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, նախօրեին տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասել է.
«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Եղբայրական ջերմ սիրով և առ Աստված աղոթքով ողջունում և կրկին շնորհավորում ենք Ձեզ` Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքական գահին Ձեր ընտրության 10-ամյակի առիթով: Ուրախ ենք վերստին գտնվելու Մոսկվայում և հանդիպելու Ձեզ` փոխանցելու քաջառողջ արևշատության և երկար ու արդյունաշատ գահակալության մեր եղբայրական բարեմաղթանքները: Մեր սրտագին աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր օրհնության ու խնամքի ներքո պահի Ձեզ, Ռուս Եկեղեցու հոգևորականաց ողջ դասին ու ռուս հավատավոր եղբայր ժողովրդին: Ուրախալի է տեսնել նաև, որ ՌԴ իշխանությանց և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև հաստատված հարաբերությունները արգասավորվում են բարի արդյունքներով՝ ի նպաստ Ռուսիո հավատավոր ժողովրդի հոգևոր-եկեղեցական, հասարակական կյանքի առաջընթացի և պայծառության: Ձեր հովվապետության տարիներին Աստծո ողորմությամբ նշանակալի ձեռքբերումներ ու իրագործումներ են արձանագրվել քարոզչական առաքելության, կրթական, սոցիալական, եկեղեցաշինության և այլ բազում ոլորտներում: Ձերդ Սրբության առաքելության մեջ առաջնային տեղ են գրավում նաև Ձեր ջանքերը՝ հանուն ազգերի, Եկեղեցիների ու կրոնների միջև հարաբերությունների ու գործակցության զորացման:
Ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել նաև մեկ դեպք: Վերջերս Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտվեց դեռևս ամռանը չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ: Դատական այդ որոշումը կայացվեց մարդու իրավունքների բացահայտ խախտմամբ: Այս հարցում, նկատի ունենալով հոգևոր պետերիս նախորդիվ ունեցած փորձառությունը, դիմում ենք Ձերդ Սրբության միջնորդությանը Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` միջազգային պարտավորությունների պահպանումով երիտասարդին վերադարձնելու իր ընտանիք:
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Վերստին, սիրո և եղբայրության ողջույնով, մաղթում ենք Ձերդ Սրբությանը մեր Տիրոջ զորակցությունն ու առատ շնորհները, որպեսզի շարունակեք իմաստնաբար առաջնորդել Ձեր հավատացյալ հոտը` ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ի հոգևոր մխիթարություն համայն հավատացյալ Ձեր ժողովրդի»:
Իր հերթին Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը, շնորհակալություն հայտնելով իր գահակալության 10-ամյակի կապակցությամբ Վեհափառ Հայրապետի կողմից հղված շնորհավորական ուղերձի և բարեմաղթանքների համար, գոհունակություն է հայտնելց, որ անցնող տասը տարիների ընթացքում Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունները հատկանշվել են եղբայրական սիրով և ջերմությամբ: Իր խոսքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը անդրադարձ կատարեց Ռուսաստանում Հայոց թեմի աշխույժ գործունեությանը և ակտիվ ներգրավվածությանը երկու Եկեղեցիների կապերի զորացման գործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվության ներքո գտնվող համայնքի հոգևոր կյանքին:
Հավարտ հանդիպման երկու հովվապետերը գոհունակությամբ հաստատել են երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև զարգացող փոխգործակցությունը և համագործակցությունը` միջեկեղեցական և միջազգային ամենատարբեր հարթակներում կրոնական-հասարակական հիմնախնդիրներին ընդառաջ:
Հարակից հրապարակումներ`
- Նախարար. Կարեն Ղազարյանի վերաբերյալ Կարմիր Խաչը մտահոգիչ որևէ տեղեկություն չի հաղորդել
- Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. Տոնոյան
- Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
- ՄԻՊ-ը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը
- Ամեն ինչ արվում է Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար. Զեյնալյան
- ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանում է Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման վճիռը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան