Հոնքն ուղղելու փոխարեն հանեցին աչքը. Պիպոյան
Արդեն մի քանի օր է վարորդները դժգոհում են, որ Երևանի գազալցակայաններում գազի գինը շեշտակի ավելացել է: ԱԳԼՃԿ-ներում գազի գնի թանկացման հետ կապված խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստացել: Ըստ բողոքների՝ որոշ գազալցակայաններում 1,8 ծավալով բալոնը լիցքավորելու համար վարորդները վճարում են 5500 դրամով՝ նախկին 4800 դրամի փոխարեն, 1,4 ծավալով բալոնի համար վճարում են 4500 դրամ՝ 3700 դրամի փոխարեն: Ընդհանուր առմամբ, գինը բարձրացել է միջինը 600-900 դրամով:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը բնական գազի համար որոշել է նոր չափման միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամներով։ Այս փոփոխությունը թույլ կտա սպառողներին ազատվել վաճառողների խաբեությունից։ Նոր կարգավորումներն ուժի մեջ պետք է մտնեին 2019 թվականի ապրիլի 1-ից:
Նկատենք, որ դա գնային որևէ փոփոխության չպետք է հանգեցներ:
«Թվում էր՝ ոլորտի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկվեցին, բայց ունեցանք այն, ինչ միշտ ունենում ենք: Անհետևողականության արդյունքում այդ ռեֆորմը դարձավ պարզապես «ռեֆորմ»»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ այսօր փաստացի քաղաքացին վճարում է ավելի գումար: Ըստ հաշվարկների՝ կա 10-15 տոկոս գնաճ:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ չի կարելի ուղղակի վերցնել լավ գաղափարն ու թերի կյանքի կոչել.
«Սա այն դեպքերից է, որ տարիներ շարունակ մեր կողմից բարձրացված հարցը կյանքի է կոչվել թերի։ Ժամանակին ասում էինք, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ։ Ճնշման, ջերմաստիճանի տարբերության համար քաղաքացին նույն գազաբալոնի լիցքավորման համար վճարում էր տարբեր գումար, ուստի անհրաժեշտ է այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ գազը վաճառվի կիլոգրամով: Այսինքն՝ անկախ ամեն ինչ, ինչ մանևրներ կանի գազալցակայանը, քաղաքացին հստակ նույն գինը վճարի և «գազ լցնողի» լավության տակ չմնա»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նշեց, որ ապրիլի 1-ից պետք է նոր կարգն ուժի մեջ մտներ` աղմուկը բարձրացավ, բայց ուժի մեջ չմտած սկսեց բացասական ազդեցություն ունենալ, հիմա հասկանալի չէ՝ կան գազալցակայաններ, որ կգ-ով չեն լիցքավորում, կան՝ նախկին ձևով: Սա, ըստ Բաբկեն Պիպոյանի, խոսում է այն մասին, որ ոլորտում վերահսկողություն չկա:
«Ի՞նչ քայլեր էր պետք ձեռնարկել. երբ որոշում է մտնում ուժի մեջ, ապա պետք էր ամբողջ ուժով լծվեր աշխատանքի։ Այստեղ միաժամանակ ունեն անելիք երկու մարմին՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՏՄՊՊՀ-ն։ Արդյունքում, ունենք մի իրավիճակ, որ իրական ռեֆորմը քաղաքացու համար դրական պետք է լիներ, բայց եղավ հակառակը»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով՝ եթե օրեր առաջ վարորդը մեկ լիցքավորման համար վճարում էր 5 հազար դրամ և քշում 220 կմ, ապա հիմա այդքան կմ-ի համար վճարում է 5550 կամ 6000 դրամ:
Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ցանկացած բարեփոխման իրականացման համար պետությունը պետք է բոլոր լծակները կիրառի, որ անցումը տեղի ունենա անցնցում, ռեֆորմը լիարժեք կյանքի կոչվի: «Երբ բարեփոխումն իրականացնում են կիսատ, ունենում ենք այս վիճակը: Կան ոլորտներ, որտեղ սիրողական մոտեցումով չես կարող արդյունք ապահովել: Մենք երկար տարիներ ասում էինք՝ ուղղեք ունքը, բայց ուղղելու փոխարեն հանեցին աչքը»,- նշեց Բաբկեն Պիպոյանը՝ այսինքն, եթե նշվել էր ապրիլի 1, պետք է բոլորը լծվեին գործի, որ այպիսի խնդիր չստեղծվեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին